211652_close_icon
views-count11877 դիտում article-date 14:40 16-10-2018

Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ազգային անվտանգության ծառայությունն այդ գաղտնալսման հետ ընդհանրապես կապ չունի»,- «[url=https://armenpress.am/arm/news/951023.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ասաց Վանեցյանը: Նա մանրամասնեց, որ գաղտնալսման պատվիրատուն մեկ անձ է, ով հանրության շրջանում լայն ճանաչում ունի: Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ պատվիրատուին անձամբ չի ճանաչում: Միևնույն ժամանակ, Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ գաղտնալսման պատվիրատուն մեկն է, սակայն նրա մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ գործընթաց է: Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց նաև իր և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակության վերաբերյալ: Նա հայտնեց, որ այդ օրը ինքը և ՀՔԾ պետը 10 հեռախոսային խոսակցություն են ունեցել՝ 8 անգամ իրեն զանգահարել է ՀՔԾ պետը, երկու անգամ ինքն է զանգահարել վերջինսիս: «Մենք այդ օրը մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան է տևել: Մենք այդքան երկար խոսակցություն չենք ունեցել: Մեր ամենաերկար խոսակցությունը 2.5 րոպե է տևել: Այդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժվել են և ներկայացվել որպես մեկ խոսակցություն»,- մանրամասնեց ՀՀ ԱԱԾ տնօրենը: Նա պարզաբանեց նաև, թե ինչպես է հաջողվել գաղտնալսել իր և Սասուն Խաչատրյանի խոսակցությունը: Արթուր Վանեցյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ գտնվել է ռոումինգի գոտում, ինչը հեշտացրել է գաղտնալսում իրականացնելու գործընթացը: ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ երկրի տարածքում ունեցած հեռախոսային խոսակցությունների դեպքում առկա գաղտնի արձանագրությունները, որոնք գաղտնազերծելու համար անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ, որոնք օրենքով սահմանված կարգով ունի միայն ԱԱԾ-ն, չեն գործում: «Երբ անձը գտնվում է ռոումինգի տակ, օպերատորներն ավելի էժան կապ ապահովելու համար օգտվում են տարբեր ինտերնետային, հեռախոսային ուղիներից: Ես գտնվել եմ ռոումինգի տակ, իսկ ինտերնետային ուղին պաշտպանված չէ, այսինքն՝ չի գաղտնագրվում: Այսինքն՝ միջին որակի ցանկացած մասնագետ կարող էր այդ գաղտնալսումը իրականացնել»,- ասաց նա: Վանեցյանը պարզաբանեց ՀՔԾ պետի հետ ունեցած խոսակցության ժամանակ իր արած արտահայտությունը, թե «ուզես-չուզես, կալանքը պետք է տաս»: Նա մանրամասնեց, որ արդեն հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի անուն-ազգանունը Վաչե Մարգարյան է, իսկ ձայնագրության մեջ ինքը տալիս է Հրաչ անունը: Արթուր Վանեցյանը պարզաբանեց, որ Հրաչը Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարն է. «Ես հիմա նրա ազգանունը չեմ հիշում: Ես Սասուն Խաչատրյանին հարցրել եմ, թե Հրաչն ի՞նչ է ասում, նա պատասխանում է, որ Հրաչն ասել է, որ հիմնավոր է մեղադրանքը, ինչին ես պատասխանում եմ, որ եթե հիմնավոր է, ուրեմն ուզի-չուզի՝ պետք է տա կալանք: Ես դատավորի հետ չեմ խոսել: Իմ հեռախոսը տվել եմ քննության իրականացնող մարմնին, ասել եմ փորձաքննություն իրականացրեք: Ես դատավորի հետ չեմ խոսել, ես առհասարակ դատավորների հետ չեմ խոսում: Ես ունեմ ընկերներ, որոնք այսօր դատավոր են դարձել, և մենք նրանց հետ կարող ենք շփվել կենցաղային հարցերի շուրջ»,- մանրամասնեց նա: ՀՀ ԱԱԾ տնօրենը նաև նշեց, որ այդ գաղտնալսման հիմնական շարժառիթը եղել է իր հրաժարականին հասնելը: Նրա հիմնական շարժառիթը եղել է այն, որ Վանեցյանը հրաժարական պետք է ներկայացներ, այդ կերպ թուլացնեին մեր կառույցը: Այսօր ես չեմ ուզում ավել ինչ-որ բաներ ասել, բայց հիմնական նպատակը եղել է իմ հրաժարականը: Այսօր էլ մամուլում իմ դեմ հարձակումները խոսում են այն մասին, որ փորձում են իմ և ԱԱԾ-ի վարկանիշը նվազեցնել: Հատուկ վերջին շրջանում մոդայիկ դարձած ֆեյքեր, խմբեր, մարդիկ կան, ովքեր ստանում են աշխատավարձ Վանեցյանին և ազգային անվտանգության ծառայությանը վարկաբեկելու համար»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը:

Նմանատիպ նյութեր