104390 դիտում
17:30 16-10-2018
Արցախում կրակոցից մահացած 21-ամյա զինվորի հարազատներն ասում էին. «Օձը տաքացնողին է կծում, ի՞նչ իմանայինք, որ մեր թագավոր բալեն կսպանվեր մեկի կողմից, ում հորը փրկել է սպանված զինվորի հայրը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Գյումրի քաղաքի բնակիչներ Արմեն Բեգլարյանն ու Հարություն Հարոյանը իրենց վրդովմունքն էին հայտնում Արցախի պաշտպանության բանակում ծառայության ժամանակ հոկտեմբերի 1-ին հրազենային վնասվածքի հետևանքով մահացած 21-ամյա Գևորգ Հարոյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Գևորգի քեռին՝ Ա. Բեգլարյանն ասում էր. «Արցախի պաշտպանության բանակն այնպիսի անհեթեթ ու անիրական հայտարարություն է տարածել, որ անգամ եփած հավի ծիծաղը կգա։ Ասում են, որ Գևորգը ինքնասպան է եղել։ Անգամ ոչ մասնագետները, լինելով դեպքի վայրում ու ծանոթանալով դեպքի նյութերին, կասեն, որ ոչ մի ինքնասպանություն էլ չկա։ Մենք վստահ ենք, որ Գևորգին սպանել են։ Մենք հարազատներով շատ լավ գիտենք, թե ինչն ինչոց է, ովքեր են իրական մեղավորներն ու ով է մարդասպանը։ Պարզապես մինչև այսօր հավատացել ենք, որ օբյեկտիվ նախաքննություն կկատարվի և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում ոչ մի ծնող չսգա իր ծառայող զինվոր բալի անհեթեթ մահը»։
Գևորգի հորեղբայր Հարությունն էլ, հուզմունքը հազիվ զսպելով, ասում էր. «Թե՛ ես, թե՛ մեր ընտանիքի բոլոր անդամները դեռ մանկուց ենք ճանաչել Գևորգին։ Նա կյանքը սիրող ջահել էր։ Ցանկացած դժվարություն նա հաղթահարում էր, որպեսզի մոր աչքերից արցունք չթափվի։ Ի՞նչ են փորձում մեր ականջներին լապշա կախեն, թե Գևորգն ինքնասպան է եղել։ Թասիբ ունենաք, հանցագործներն ու հանցագործին հովանավորողներ՝ ինքնասպան կլինեք։ Մենք գիտենք՝ Գևորգին հետ չենք բերի, բայց գոնե էնպես արեք, որ նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվեն։ Մենք զինվոր ենք տվել բանակին, իսկ բանակը մեզ տալիս է նրա դին։ Մեր հույսը դեռ չենք կորցրել ու հավատում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով թավշյա, սիրո ու համերաշխության հեղափոխությունը սկսեց Գյումրիից, կլսի մեր ձայնն ու կապացուցի, որ արդարությունը ինչքան էլ հիվանդանում է, չի մահանում և մեղավորները խստագույնս կենթարկվեն քրեական պատասխանատվության և կուզենք, որ նրանց դատավարությունն էլ լինի բաց և թափանցիկ, որպեսզի ժողովուրդը հավատա, որ եթե որևէ սպա զինվորի նկատմամբ ոտնձգություն կկատարի, այդ թվում՝ Աստծո կողմից դատապարտելի, ապա ոչ միայն անարգանքի սյունին պետք է գամվի, այլև պետք է ազատազրկման դատապարտվի»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գևորգի հարևաններն ասում էին. «Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է՝ օձը տաքացնողին է կծում։ Գևորգի հայրը, ով Շիրակի մարզում ճանաչված ու հարգված բժիշկ է, ժամանակին փրկել է այդ Լուկաշ կոչեցյալի հոր կյանքը, ով օրհասական վիճակում հայտնվել է հիվանդանոցում ու հիմա ցավով իմանում ենք, որ Գևորգին սպանել է Գևորգի հոր կողմից փրկվածի տղան՝ Լուկաշը, ու դրանից հետո պաշտոնական վարկած են առաջ քաշում, որ Գևորգին հասցրել են ինքնասպանության։ Ամոթ է»։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/04/1106834/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 4-ին Շիրակի մարզում հողի են հանձնել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող, 21-ամյա Գևորգ Հարոյանի աճյունը։
Հուղարկավորությանը մասնակցել էին մահացածի հարազատները, ընկերներն ու բարեկամները, պաշտպանության նախարարության պաշտոնյաներ, Արցախի Հանրապետությունից ժամանած պաշտպանության բանակի ներկայացուցիչներ։ Հուղարկավորությանը մասնակցել էին նաև Երկրապահ կամավորական միության Շիրակի մարզային կառույցի մեծ թվով երկրապահներ՝ կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ։
Թաղամասը, որը կոչվում է Մուշ-2, բակն ամբողջովին լցված էր քաղաքացիներով։ Նրանք իրենց ցավակցությունն էին հայտնում մահացածի հարազատներին, այնուհետև դատապարտում տեղի ունեցածը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մարդիկ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսելուց, ասել էին. «Գևորգին ճանաչել ենք փոքրուց, ընտանիքի անդամները բարեպաշտ են։ Հայրը, ով մասնագիտությամբ բժիշկ է, բազմաթիվ կյանքեր է փրկել։ Ցավոք, հայ ստահակի արձակած կրակոցից Գևորգը մահացավ ու փորձում էին կեղծ տեղեկություններ տարածելով՝ հանրությանը մոլորեցնել, որ Գևորգն ինքնասպան է եղել։ Այդ վարկածին ոչ մեկս չենք հավատում։ Մենք գիտենք, որ սպանությունը կատարողը եղել է սպա ու արդեն տեղեկություններ ունենք, որ նրա ինքնությունը պարզել են և նա բերման է ենթարկվել, սակայն մենք չենք կարողանում մեր զայրույթը պահենք, որ նման սպան ինչպես է հանդգնել ձեռք բարձրացնել հայ զինվորի վրա։ Եթե հակառակորդի կրակոցից մահանար, կհաշտվեինք այդ մտքի հետ, կասեինք՝ թուրք շունն է խփել, բայց ի՞նչ անուն տաս այն սպային, ով իր սև գործն արեց։ Մենք վսհահ ենք, որ իրավապահ համակարգը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկի այդ վայ սպային, ինչը դաս կլինի մյուսներին։ Ճիշտ է, Գևորգին էլ մենք հետ չենք բերի, բայց թող այս մահը սթափեցնի գեներալներին, որպեսզի հետևություններ անեն»։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Գևորգին հուղարկավորել էին Շիրակ գյուղում՝ զինվորական արարողակարգի համաձայն։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+