8434 դիտում
17:29 23-10-2018
Լոռու մարզի դատախազը մարզի ուսումնական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018 թվականի ինն ամիսների ընթացքում մարզում արձանագրված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը: Պարզվել է, որ կրթության ոլորտում, մասնավորապես, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում տեղ են գտել համակարգային և շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսևորումներ, որոնց առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին։
Մարզի դատախազության դատախազների հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզի թվով 6 հանրակրթական հաստատությունների տնօրենները, իրենց ծառայողական պարտականություններն ի չարն օգտագործելով, առերևույթ կատարել են նույնանման չարաշահումներ:
Առանձին դեպքերում, որոշ աշակերտների՝ ՀՀ-ից բացակայության պատճառով առանձին ամիսների դպրոց չհաճախելու պայմաններում, ուսուցիչները տնօրենների հրահանգներով ոչ միայն չեն արձանագրել նրանց բացակայությունները, այլև ուսումնական գործընթացին այդ աշակերտների մասնակցելու պատրանք ստեղծելու դիտավորությամբ և շահադիտական նկատառումներով դասամատյաններում ենթադրաբար ձևական գնահատականներ են նշանակել, կամ նաև առերևույթ օժանդակել են աշակերտների՝ ավելի բարձր դասարան տեղափոխվելու հարցը լուծելու նպատակով տնօրենների կողմից պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տվյալների ներառմանը: Որոշ դեպքերում տնօրենների կողմից դպրոցներում ուսուցչի կամ այլ աշխատակցի հաստիքներին ձևականորեն նշանակվել են անձինք, երբեմն՝ անմիջական հարազատներ, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել, չեն կատարել իրենց պարտականությունները: Չնայած այդ հանգամանքին՝ նրանց անունով այդ ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար, երբեմն նաև առերևույթ պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձեր են դուրս գրվել, որոնք կամ յուրացվել են, կամ առձեռն փոխանցվել այդ աշխատանքները փաստացի կատարած այլ անձանց:
Արձանագրվել են նաև դպրոցի տնօրենի կողմից դպրոցը չփակվելու և ևս մեկ ուսումնական տարի գործունեությունը շարունակելու համար պաշտոնատար անձին կաշառք տալու շինծու պատրվակով դպրոցի մի քանի աշխատակիցներից առերևույթ գումարներ պահանջելու, ստանալու և խարդախությամբ հափշտակելու, քննական հանձնաժողովի անդամ հանդիսացող ուսուցչուհու կողմից երեխաների վերաքննությունը գնահատելու համար առերևույթ կաշառք վերցնելու դեպքեր:
Քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ առերևույթ կոռուպցիոն նմանատիպ հանցագործություններ կատարելու համար պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելուն դրդելու հատկանիշներով քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նշված հանրակրթական հաստատությունների տնօրեններին, երկու գործով նաև դպրոցի մի խումբ ուսուցիչներին առաջադրվել են մեղադրանքներ:
Չնայած այն հանգամանքին, որ երկու ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք կամ աշխատակիցներ գործուն զղջալու հիմքով ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ ակնհայտ են ինչպես պետական ապարատի կոնկրետ օղակի բնականոն գործունեության, այնպես էլ սեփականության նկատմամբ ոտնձգություն կատարելու իրողությունները:
Ուսուցչի կոչման հետ անհամատեղելի նման գործողությունների արդյունքում, բացի երեխաների մոտ բարոյական արժեհամակարգի խեղաթյուրումից, նաև խաթարվում է ուսումնական հաստատությունների բնականոն աշխատանքը, ոտնահարվում ուսումնական հաստատությունների, դրանցում սովորողների ու աշխատողների իրավահավասարության սկզբունքը:
Բացի այդ, չնայած առանձին դեպքերում արձանագրված չարաշահումները կրել են ակնհայտ և շարունակական բնույթ. սակայն դրանք դուրս են մնացել ինչպես ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների, այնպես էլ՝ մարզպետարանի վերահսկողական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց տեսադաշտից: Նման անգործությունը կարող է կոռուպցոին ռիսկեր պարունակել և հանդիսանում է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:
Ելնելով այս մտահոգություններից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը դիմել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ նշված փաստերը մարզի ուսհաստատությունների, դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձանց հետ քննարկման առարկա դարձնելու, նմանատիպ երևույթների պատճառները պարզելու և վերացնելու, իրենց պարտականություններում թերացած անձանց կարգապահական ներգործության ենթարկելու, ավելի էական խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը լուծելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
[b]ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»