3135 դիտում
16:14 25-10-2018
ՀՀ ԿԲ-ն «Վերածնունդ» ծրագրի հետ որևէ կապ չունի, երբևէ չի ստանձնել որևէ պարտավորություն ծրագրի իրականացման համար. պարզաբանում
ՀՀ Կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հարկ է համարում հանրությանը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիներին, որոնք ունեն բնակարանային խնդիր և իրենց խնդրի լուծումը կապել են «Վերածնունդ» ծրագրի հետ տեղեկացնել, որ Կենտրոնական բանկը որևէ կապ չունի նշված ծրագրի հետ (երբևէ չի ստորագրել որևէ պայմանագիր, հուշագիր կամ ստանձնել որևէ պարտավորություն ծրագրի հետ կապված) և իր որոշումներով երբևէ չի սահմանափակել Հայաստանում հիփոթեքային շուկայի հասանելիությունը տարբեր ոլորտի ներկայացուցիչների՝ վարկառուների, ինչպես նաև կառուցապատող ընկերությունների համար, որոնք ցանկանում են Հայաստանում առաջարկել բնակարաններ՝ հիփոթեքային վարկավորման միջոցով վաճառելու համար։ Ավելին, հիփոթեքային շուկայի հասանելիության բարձրացման, շուկայի խորացման և բոլոր ոլորտների ներկայացուցիչների համար հավասար պայմանների ստեղծման նպատակով Կենտրոնական բանկը նախաձեռնել է երկու տիպի վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների ստեղծումը, որոնք անհրաժեշտության դեպքում առևտրային բանկերին ապահովում են անհրաժեշտ դրամային ռեսուրսներով հիփոթեքային վարկերը ավելի հասանելի դարձնելու համար։
Թե՛ «Վերածնունդ» ծրագրի շահառուները և թե՛ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ քաղաքացի կարող է օգտվել ինչպես «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրից, այնպես էլ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ծրագրերից։ Ընդ որում, եթե «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրի ներքո առկա են որոշակի սահմանափակումներ՝ կապված շահառուի ընտանեկան կարգավիճակի և տարիքի հետ, ապա «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից առաջարկվող ծրագրում որևէ նման սահմանափակում սահմանված չէ, այլ միայն գործում են վարկառուներին վարկունակության նկատմամբ պահանջները (որոնք առկա են բոլոր տեսակի վարկային ծրագրերում)։
Նշենք ավելին, որ «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից առաջարկվող ծրագրում նույնպես հաճախորդները կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ինչը էականորեն նվազեցնում է վարկի մարման բեռը վարկառուների համար։ Այսպես, օրինակ, եթե որևէ ոլորտում զբաղված մասնագետը ամսական ստանում է մոտ 300.000 դրամ աշխատավարձ և ցանկանում է գնել շուրջ 20 մլն դրամ արժողությամբ բնակարան՝ 10% կանխավճարով, 30 տարի ժամկետով և 10.5% տոկոսադրույքով (շուկայում գործող ամենաբարձր տոկոսադրույքներից է, հնարավոր է նաև ստանալ շատ ավելի ցածր տոկոսադրույքով)[1], ապա վերջինիս վարկի ամսական մարումը կկազմի մոտ 165.000 դրամ։
Սակայն եկամտային հարկի վերադարձից հետո փաստացի վճարվող տարեկան արդյունավետ տոկոսադրույքը կտատանվի մոտ 2%-ի շուրջ՝ 10.5%-ի փոխարեն։ Հնարավոր է, որ նորաստեղծ երիտասարդ ընտանիքներն ունենան փոքր-ինչ ավելի լավ պայմաններ հիփոթեքային վարկերի համար, եթե բավարարեն «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրի պայմաններին, քանի որ այս նպատակով գործում է պետական նպատակային ծրագիր՝ նորաստեղծ ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ հասարակության այլ շերտերը զրկվում են հիփոթեքային վարկեր ստանալու հնարավորությունից։
Այնպես որ, ցանկանում ենք տեղեկացնել, որ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր Կենտրոնական բանկը խաթարել է «Վերածնունդ» ծրագրի իրականացումը, այն դեպքում, երբ իրականում Կենտրոնական բանկը, ընդհանրապես որևէ առնչություն չունենալով այս ծրագրի հետ, հավասար պայմաններ է ստեղծել թե՛ տարբեր ոլորտի ներկայացուցիչ վարկառուների, թե՛ կառուցապատողների և թե՛ ֆինանսական հաստատությունների համար, ոչ այլ ինչ է քան իրականության պարզ խեղաթյուրում։
Հարկ ենք համարում նաև նշել, որ նախկինում ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցապատվող բազմաբնակարան շենքերի հիփոթեքային վարկավորման ծրագրերը ունեցել են հստակ պայմաններ, որոնց համապատասխանելու դեպքում շահառուները կարողացել են մասնակցել վարկավորման ծրագրին: Սակայն պետք է հիշել նաև, որ անցյալում հիփոթեքային շուկան չուներ այն ծավալն ու առողջ մրցակցության այն միջավայրը, որն այսօր ձևավորված է հիփոթեքային վարկավորման շուկայում։
Ուստի, հաշվի առնելով այն, որ ներկայումս արդեն հիփոթեքային շուկայում գործում են բազմաթիվ ծրագրեր, կան բազմաթիվ կառուցապատողներ, որոնք առաջարկում են որակյալ շինություններ, ինչպես նաև առանձին ֆինանսական կազմակերպությունների հիփոթեքային ծառայությունները նախկինի համեմատ շատ ավելի մատչելի են, իսկ վարկավորող կազմակերպությունները հիփոթեքային վարկավորման դեպքում կիրառում են բավական ճկուն վարքագիծ՝ որոշում է կայացվել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցապատվող նոր ծրագրի համար պարզապես չնախագծել և չստեղծել առանձին ծրագիր, այլ կիրառել արդեն իսկ ձևավորված և փորձարկված արդյունավետ մեխանիզմները (որոնք, ինչպես վերևում ներկայացվեց, կրկին բավական մատչելի են՝ հաշվի առնելով եկամտային հարկի վերադարձը, ինչը նախկինում նույնպես չէր գործում):
Խնդրում ենք բոլոր քննարկումները և ուղղորդումները առ այն, որ ծրագիրը խոչընդոտվում է ՀՀ ԿԲ պատճառով դադարեցնել և շահագրգիռ քաղաքացիներին չուղղորդել ՀՀ ԿԲ դեմ:
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
15:59 06-07-2023
Հայաստանը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել. Փաշինյան
9083 դիտում
18:38 25-08-2018
Արտակ Բեգլարյան. Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել
Այս բաժնից
565 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
673 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
577 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն