2714 դիտում
17:10 25-10-2018
Ցանկացած հակաքարոզչություն քարոզչության կոմպոնենտ է պարունակում․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին: Այն ներկայացրել են Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը և այլ պատգամավորներ:
Նախագիծը կառավարության քննարկմանը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը․ «Առաջարկվում է Երեխաների մասին 18-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի բովանդակությունը հետևյալն է՝ երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը, քարոզչությունն արգելվում է», - նշեց Արսեն Մանուկյանը, հավելելով, որ առաջարկությունը կրկնում է արդեն իսկ գործող հոդվածի 4-րդ մասի երաշխիքը:
«Ներկայացված օրենքի նախագծում կան հասկացություններ, որոնք ունեն ոչ միատեսակ, ոչ միանշանակ ընկալում։ Խոսքը վերաբերում է «ոչ ավանդական սեռական հարաբերություններ», «ավանդական սեռական հարաբերություններ» արտահայտություններին. մեր համոզմամբ նման հասկացությունների կիրառումը լինելու է վիճահարույց», - ասաց Մանուկյանը և առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր համացանցում կա կատարյալ ազատություն ու երեխաները նույնպես օգտվում են համացանցից, ու ամեն ինչին հասանելիություն կա: Արսեն Մանուկյանն ասաց, թե «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում, մասնավորապես, նման թեմաների քարոզչության հետ կապված խնդիր կա:
Կառավարության առաջարկության համաձայն՝ երեխայի լիարժեք զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան նախագծով առաջարկվող ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող կամ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանն ուղղված տեղեկությունները, ուստի միայն վերջինների տարածման կամ քարոզչության համար արգելք սահմանելն արդարացված չէ: Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նախագծի սահմանումները պետք է «ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը», մինչդեռ նախագծում օգտագործված որոշ հասկացություններ միանշանակ չեն ընկալվում, հետևաբար չեն կարող ունենալ միատեսակ կիրառում (օրինակ՝ «ոչ ավանդական սեռական հարաբերություն» և «ավանդական սեռական հարաբերություն» և այլն): Կառավարությունը գտնում է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է և առաջարկում է գործող օրենքները թողնել անփոփոխ:
Անդրադառնալով նախագծին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս խնդիրն ամբողջ աշխարհում կա և լուծումը դեռևս գտնված չէ, իսկ այսօրվա ընկալումներով շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կգտնվի լուծումը։ Ըստ նրա, միևնույն է, թեկուզ ամենախիստ բառապաշարներով օրենքը ընդունվի, խնդիրը շարունակելու է մնալ չլուծված:
«Այնպես որ, եթե ուզում ենք քարոզչություն չանել, այս հարցերը պետք է քվեարկենք խիստ գաղտնի ռեժիմով ու նախագծի հեղինակներն էլ գաղտնի անեն, օրենքն էլ գաղտնի լինի, քննարկումն էլ, կիրառումն էլ, հակառակ դեպքում, ցանկացած հակաքարոզչություն քարոզչության կոմպոնենտ է պարունակում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
763 դիտում
20:58 06-07-2023
Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
2257 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են