211652_close_icon
views-count2812 դիտում article-date 16:39 01-11-2018

Տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում. գյուղատնտեսության նախարարությունը հակադարձում է մամուլում տեղ գտած հրապարակմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի «Շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ կլինի. Հայաստանը արտադրողից վերածվել է ներկրողի» հրապարակմանը։ Պարզաբանման մեջ ասված է, որ գյուղատնտեսության նախարարության գնահատականներով՝ տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում։ «ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 31189 տոննա լոլիկ, որն ամբողջությամբ ջերմոցային արտադրանք է։ Ջերմոցային արտադրության լոլիկը վերամշակման չի ենթարկվում՝ պայմանավորված բարձր ինքնարժեքով։ Տոմատի մածուկի արտադրության համար մթերվում է բաց գրունտում արտադրված լոլիկը, որի մթերման ծավալը 2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ, ըստ վերամշակող ընկերությունների կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրամադրած օպերատիվ տվյալների, կազմել է շուրջ 17000 տոննա, որի գերակշիռ մասն ուղղվում է տոմատի մածուկի արտադրությանը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատականներով՝ հանրապետությունում տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում, քանի որ տեղական շուկայում տոմատի մածուկի միջին տարեկան պահանջարկը 2015-2017 թվականներին կազմել է շուրջ 1700 տոննա, իսկ 2018 թվականին մթերված լոլիկից տոմատի մածուկի արտադրության ակնկալվող ծավալները կարող են կազմել ավելի քան 1700 տոննա։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ ներմուծվել է 311.7 տոննա լոլիկ, որից 20.1 տոննան՝ հունվար և փետրվար ամիսներին, իսկ մնացած քանակությունը՝ սկսած սեպտեմբեր ամսից։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում ներմուծված լոլիկի 1կգ-ի միջին մաքսային արժեքը կազմել է 106.1 դրամ։ Համեմատության համար նշենք, որ ընթացիկ տարում տոմատի մածուկի արտադրության համար լոլիկի մթերման գները տատանվել են 40-52 դրամի միջակայքում և դրանից բարձր արժեքով ձեռք բերված լոլիկով արտադրված տոմատի մածուկը շուկայում գնային առումով դառնում է ոչ մրցունակ։ Հետևաբար ներմուծված լոլիկը կարող էր օգտագործվել թարմ իրացման կամ տոմատային այլ պահածոների արտադրության նպատակով»,– ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր