211652_close_icon
views-count2105 դիտում article-date 18:18 02-11-2018

«Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Լեհաստանում

«Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) համերգով հանդես է եկել Լեհաստանի Կրակով քաղաքում: Լեհաստանում արդեն ճանաչում վայելող երգչախումբը հոկտեմբերի 30-ին կատարել է մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Te deum» ստեղծագործությունը Կրակովի Կամերատա լարային նվագախմբի և Վարշավայի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմի հետ՝ դիրիժոր Յուրեկ Դիբալի ղեկավարությամբ: Ստեղծագործությունը հնչել է բացառիկ վարպետությամբ՝ այդպիսով ամրապնդելով հայ-լեհական մշակութային համագործակցությունը: Համերգի ժամանակ հնչել են նաև Պենդերեցկու ակապելա ստեղծագործությունները՝ դիրիժոր Կարոլ Կուշի և Կրակովի կամերային երգչախմբի երգիչների համալրմամբ: Նշենք, որ համերգն անցել է Կրակովի եկեղեցու լեփ-լեցուն սրահում և նշանավորվել որպես բացառիկ իրադարձություն: Հարկ է նշել, որ «Հովեր» պետական կամերային երգչախումբն այն կոլեկտիվներից է, որ շատ հաճախ է հանդես գալիս այլազգի դիրիժորների ղեկավարությամբ (Ջ. Նելսոն, Ֆ.Հելգաթ, Մ.Կլաուզա, Լ.Շամբադալ, Ա.Մուստոնեն և այլք): Կամերային երգչախումբը հարյուրավոր համերգներով հանդես է եկել տարբեր երկրների՝ այդ թվում՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Շվեյցարիայի և այլ պետությունների հեղինակավոր դահլիճներում: «Հովեր» կամերային երգչախումբը 2011 թվականից գործում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր