211652_close_icon
views-count3906 դիտում article-date 20:12 05-11-2018

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ ՊԵԿ նախագահին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին։ Զրուցակիցները քննարկել են համատեղ ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Պետնախարարի առաջարկով Դ․ Անանյանը ներկայացրել է ՀՀ-ում ընթացող հարկային օրենսգրքի փոփոխությունները, ոլորտի միջնաժամկետ և հեռաժամկետ զարգացման տեսլականը՝ կարևորելով այն պարագան, որ երևանյան առավել մատչելի և օպտիմալ փորձից կարող է օգտվել նաև Ստեփանակերտը։ Քննարկվել են նաև հարկային ոլորտում էլեկտրոնային համակարգերի ներդրման, դրանց սինխրոնիզացման և նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների մոտալուտ կիրառման հարցերը։ Հանդիպման ժամանակ Գ․ Մարտիրոսյանը հյուրին տեղեկացրել է 2019 թ․ հունվարի 1-ից Արցախի ֆինանսների նախարարության հսկիչ կետերի արդիականացման ծրագրի մասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ Հանդիպումից հետո Գ․ Մարտիրոսյանն ու Դ․ Անանյանն այցելել են «Թումո-Ստեփանակերտ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել ստեղծված պայմաններին, աշակերտների աշխատանքային առօրյային, զրուցել վերջիններիս հետ։ Հընթացս աշխատանքային շրջայցի՝ պետնախարար Գ․ Մարտիրոսյանը կենտրոնի ղեկավար Հայկ Աբգարյանի հետ զրուցել է շենքային պայմանների մասին, հավելյալ աշակերտախմբի ընդունման դեպքում հայտնել կառավարության օժանդակության պատրաստակամության մասին։ Այցի վերջում հյուրերը հիշատակի լուսանկար են ունեցել աշակերտների հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր