2026 դիտում
16:12 06-11-2018
Արտակ Զեյնալյանը Հարավային Կորեայում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումները
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում, այսօր ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԲԿԳ-ին հանդիպմանը Հայաստանի պատվիրակությանը հրավիրելու համար, ինչպես նաև Կորեայի Հանրապետությանը՝ կարևոր միջոցառումը կազմակերպելու համար:
Նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, այն որակել է աննախադեպ և պատմական ու նշել, որ այդ օրերին հայ ժողովուրդը թավշյա, խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքը։
«Ապրիլ մայիսի ընթացքում Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոցներ և հրապարակներ՝ իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իրենց երազանքը: Երկիր, որտեղ իրապես կնյութականացվեն օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանվածության և ժողովրդավարության սկզբունքները: Արդյունքում այս տարվա մայիսին Հայաստանի խորհրդարանական խմբակցություններն աջակցեցին խաղաղ իշխանափոխությանը, և ձևավորվեց համաձայնության Կառավարություն: Եվ այսօր ես՝ որպես ժողովրդի կողմից ձևավորված Կառավարության անդամ, մեծ պատասխանատվություն եմ ստանձնել նյութականացնել և կյանքի կոչել այն դրական էներգիան, որն առկա էր այս տարվա գարնանը Հայաստանի փողոցներում և հրապարակներում»,- ասել է Արտակ Զեյնալյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ որպես կարևորագույն քայլ անհրաժեշտ է մեր երկրի հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչը առաջիկա ընտրություններից հետո նոր թափ պետք է առնի. պետական համակարգի բոլոր օղակները ևս պետք է հեղափոխվեն և վերափոխվեն։
Ըստ Արտակ Զեյնալյանի՝ խիստ անհրաժեշտ է հանրության շարունակական ընդգրկումը փոփոխությունների, համակարգի վերակառուցման մեջ։ Նրա խոսքով՝ հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս, այդ թվում՝ պարզ և հասանելի նպատակների սահմանում՝ կոնկրետ ժամկետներում, հասարակության ամենալայն ընդգրկում շարունակվող հեղափոխության մեջ՝ հստակ ձևակերպված կարճաժամկետ և ռազմավարական առաջադրանքներով, հանրությանը շարունակական հեղափոխության գլխավոր շարժիչ պահելու համար:
«Անհրաժեշտ է ստեղծել սպասելիքների կառավարում՝ հանրությանը տալով իրատեսական փոփոխությունների ցանկ, իրատեսական ժամկետներով։ Սա կարևոր է, քանի որ շատերը սպասում են անթերի որոշումների և բացառապես դրական արդյունքների, ինչը շատ պարտավորեցնող է»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ երկրում տեղի ունեցող բարեփոխումներում կարևորելով քաղաքացիական հասարակության, բիզնեսի անմիջական մասնակցությունը և սատարումը:
Նախարարի պաշտոնակատարն առանձնացրել է նաև ևս մեկ կարևոր գործոն, որը նպաստում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական էներգիայի նյութականացմանը և դրա կյանքի կոչելուն. դա հանրության առջև հաշվետվողականության, թափանցիկության, բաց գործելու Կառավարության որդեգրած քաղաքականությունն է: Արտակ Զեյնալյանը նշել է, որ հեղափոխության օրերին, ինչպես նաև համաձայնության կառավարության ձևավորումից հետո սոցիալական ցանցերը մեծ դեր և նշանակություն են ունեցել հեղափոխական ուժերի և ապա նաև Կառավարության կողմից հասարակության առջև հաշվետվողականության և թափանցիկության ապահովման տեսանկյունից, ինչն էականորեն նպաստել է Հայաստանում ժողովրդաիշխանության ամրապնդմանը և ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաև այդ փողոցային պայքարի դրական էներգիան կառավարման համակարգին հասցնելուն և իրականացվող բարեփոխումներին ժողովրդի անմիջական մասնակցությունն ապահովելուն:
Ելույթի ավարտին նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Կառավարությունը փորձում է նորարարական էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների շարունակական ներդրմամբ պայքարի դրական էներգիան վերածել կառավարման գործընթացին հասարակության անմիջական մասնակցայնությանը:
Այցի շրջանակում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հանդիպումներ է ունեցել Հարավային Կորեայի Հանրապետության Խորհրդարանի խոսնակ Մուն Հի-Սանգի, Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Լի Յոնգսանի, Բաց կառավարման գործընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադհանի, Հարավային Կորեայի Ներքին գործերի և անվտանգության նախարար Կիմ Բու Քյումի, Մոնղոլիայի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Գոմբոժավին Զանդանշաթարի, Ղրղզստանի արդարադատության նախարար Մարատ Ջամանկուլովի, ինչպես նաև Վրաստանի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
08:12 30-09-2015
Իրավապահ որևէ մարմին մինչ օրս չի «հետաքրքրվել» բարձրաստիճան պաշտոնյաների «բարձրաստիճան» նվերներով. «ՀԺ»
11387 դիտում
21:22 30-09-2018
Արտակ Զեյնալյանը ուշագրավ փաստ է ներկայացրել անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի վերաբերյալ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
3808 դիտում
10:35 06-10-2018
ՔԿՀ-ներում պահվող անձանց թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է. Արտակ Զեյնալյանը տվյալներ է ներկայացրել
Այս բաժնից
400 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան
499 դիտում
13:25 20-01-2025
Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
376 դիտում
13:12 20-01-2025
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը