211652_close_icon
views-count2536 դիտում article-date 11:53 12-11-2018

Արման Թաթոյանը Մոսկվայում մասնակցել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան նիստին և միջազգային համաժողովին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 8-9 Մոսկվայում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին։ Միջազգային համաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի կողմից՝ նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին և ՌԴ Սահմանադրության 25-ամյակին: Արման Թաթոյանն իր ելույթում ընդգծել է ՌԴ հանձնակատարի հետ համագործակցության բարձր մակարդակը և ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում նրա հետ համատեղ աշխատանքը: Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Իրանի, Հունաստանի, Սերբիայի, Ալբանիայի և այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների, ինչպես նաև միջազգային և դիվանագիտական կառույցների, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարներ։ Համաժողովի ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ օրենսդրական նոր կարգավորումները և դրանց գործադրման փորձը։ Միջոցառման մասնակիցները կարևորել են Պաշտպանի աշխատանքի սկզբունքներն ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու ու որոշումների կատարմանը նպաստելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ հանդես գալու և վճիռների կատարմանը նպաստելու պրակտիկան և այլն։ Համաժողովին հաջորդող օրը տեղի է ունեցել Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան նիստը, որի ընթացքում քննարկվել են դաշինքի հետագա գործունեությանն առնչվող կարևոր հարցեր։

Նմանատիպ նյութեր