211652_close_icon
views-count1631 դիտում article-date 18:42 13-11-2018

Երևանի ավագանու անդամի մանդատը Արամ Մանուկյանի փոխարեն ստանձնում է Միքայել Թումանյանը. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի՝ «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Արամ Մանուկյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Էդուարդի Թումանյանին տրամադրելու վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատվության քվեակարգով ընտրությամբ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել Հակոբ Սերյոժայի Հակոբյանին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով: Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով են քվեարկում նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը հրապարակված է ԿԸՀ համացանցային կայքում:

Նմանատիպ նյութեր