211652_close_icon
views-count2133 դիտում article-date 22:12 19-11-2018

Հայերը և ճապոնացիները շատ ընդհանրություններ ունեն. Ճապոնիայի դեսպանը հյուրընկալվել է ԵՊՀ-ում

Ջուն Յամադայն այսօր հանդիպել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջուն Յամադային իր աշխատասենյակում նախևառաջ հյուրընկալեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը և Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը: Դեսպանի հետ հանդիման ընթացքում ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց բուհի կառուցվածքը, գործունեությունը և փաստեց, որ ուսանողները շատ հետաքրքրված են ճապոներենով և ճապոնական պատմությամբ ու հարուստ մշակույթով: Արամ Սիմոնյանն ասաց, որ պատրաստ են նպաստել դեսպանության և բուհի միջև համագործակցության ամրապնդմանը և համատեղ նոր ծրագրեր իրականացնել: Պարոն Ջուն Յամադայն էլ ասաց, որ թեպետ Ճարոնիայի բուհերը ֆիզիկապես շատ հեռու են գտնվում, այնուամենայնիվ դրանք ցանկանում են ընդլայնել համագործակցության սահմանները և նոր կապեր հաստատել հեռավոր երկրների բուհերի հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում և կրթական համատեղ ծրագրեր: Դեսպանն ասաց, որ մեծացել է հայ ուսանողների թիվը, որոնք սովորում են Ճապոնիայում, և որ ճապոնացի ուսանողների մոտ էլ նկատվում է հետաքրքրություն՝ սովորելու Հայաստանում: Դեսպանը փաստեց նաև, որ հայերը և ճապոնացիները շատ ընդհանրություններ ունեն: Իսկ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման սկզբում Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ ԵՊՀ-ն մշտապես կազմակերպում է հանդիպումներ Հայաստանում գործող դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա դարավոր բարեկամական հարաբերությունների ուշագրավ փաստերը՝ նշելով, որ դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից հայերը բնակություն են հաստատել Ճապոնիայում: Գեղամ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. սեպտեմբերի 7-ին: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջուն Յամադայը, հայերենով ողջունելով հանդիպման ներկաներին, ասաց, որ 6 ամիս է, ինչ նշանակվել է որպես դեսպան. «Շատ ուրախ եմ և հաճելիորեն զարմացած, որ հանդիպմանն այսքան ուսանողներ կան, որոնք հետաքրքրված են Ճապոնիայով: ՀՀ-ում ես Ճապոնիայի երկրորդ դեսպանն եմ և փորձում եմ իմ ուժերի ներածին չափով երկու երկրներն առավելագույնս մոտեցնել իրար»: «Ապագան ձերն է: Երիտասարդներն են, որ նոր աշխարհ ու նոր մտածողություն են ստեղծում: Ես այլևս այդքան երիտասարդ չեմ, բայց եթե տարիներ առաջ հնարավորություն ունենայի, ապա անպայման հայերեն կսովորեի: Ձեզ համար ճապոներենը գուցե բարդ լինի, բայց չհանձնվեք: Շփվեք ճապոնացիների հետ և ուղիներ գտեք՝ գնալու Ճապոնիա: Ես էլ ամեն ինչ կանեմ՝ ճապոնացի երիտասարդներին այստեղ ուղղորդելու համար. Հայաստանը զբոսաշրջիկների շրջանում շատ հայտնի է դարձել»,- ուսանողներին դիմելով՝ ասաց դեսպանը: Հանդիպման ընթացքում ուսանողները ճապոներեն հարցեր ուղղեցին դեսպանին, որոնք հիմնականում վերաբերում էին կրթական ծրագրերին և Ճապոնիա մեկնելու հնարավորություններին: Դեսպանը հավաստիացրեց, որ անպայման կիրականացվեն ծրագրեր, որոնք կխրախուսեն ճապոներեն սովորող երիտասարդներին. «Բացի դրանից՝ ես աշխատում եմ, որ ճապոնական ընկերությունները ներդրումներ անեն և այստեղ աշխատատեղեր ստեղծեն»: Քնար Միսակյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր