211652_close_icon
views-count82775 դիտում article-date 23:18 21-11-2018

Երևանի մահաբեր անունը ստացած փողոցում բնակիչների բողոքի ակցիայից հետո պատկան մարմինները խոսքից անցան գործի. էստեղ են ասում՝ «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում ավարտվեց արհեստական խոչընդոտի վրա հետիոտնային անցման աշխատանքները: Մինչև գծանշումների կատարումը, Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանության միջնորդությամբ կատարեցին արհեստական խոչընդոտի ասֆալտ-բետբոնե աշխատանքները, որից հետո կատարվեցին հետիոտնային գծանշումները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո նշված հատվածում առավելագույն արագությունը սահմանվեց 40 կմ/ժ արագություն: Առաջիկա օրերին նշված հատվածում տեղադրվելու է նաև լուսացույց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/19/1110518/]ավելի վաղ[/url] տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 19-ին, 1 ժամից ավելի լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ռուբինյանց փողոցի հարակից 2 տասնյակից ավելի շենքերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը և պահանջում էին, որպեսզի պատկան մարմինները վերջապես խոսքից անցնեն գործի: Բնակիչները տևական ժամանակ է՝ պահանջում են, որպեսզի նշված փողոցում տեղադրեն լուսաֆոր և արհեստական անհարթություններ, քանի որ այս փողոցում բազմաթիվ անգամ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «10 օր առաջ նույն պատկերն էր. փակեցինք ճանապարհը, սակայն ճանապարհային ոստիկանությունից ու Երևանի քաղաքապետարանից ժամանեցին, խոսացան, որ խնդիրը կլուծեն ի շահ բնակչի, մենք էլ հավատացինք նրանց խոսքերին ու դադարեցրեցինք բողոքի ակցիան: Մեկ շաբաթ ժամանակ էին ուզել, մենք 10 օրից ավել սպասեցինք: Այս փողոցի հարևանությամբ կան ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոններ, մանկապարտեզներ: Երեխաներին ճանապարհելիս, խաչակնքվում ենք, որ երեխաները անվտանգ անցնեն փողոցը: Տարեցներն էլ մեծ դժվարությամբ են անցնում փողոցը, քանի որ որոշ «ուղեղներն շպրիցով հանած» վարորդներ իրենց դնում են կասկադյորի տեղ ու այնպիսի դժոխային արագությամբ են վարում, որ չգիտես ինչ ասես: Երևանի էլիտար թաղամասերում դնում են էդ լուսաֆորները, իսկ էս թաղամասերում մինչ այժ չեն դնում: Արագաչափը մասամբ սթափեցնում էր որոշ վարորդների, դա էլ հանցեին: Հիմա ինչ անենք, ամեն օր ճանապարհը փակ պահե՞նք, որ բնակիչներս չդառնանք հաշմանդամ, կամ Թոխմախ ու Կարմիր բլուր չտանեն: Եթե այդպես շարունակվի, պատկան մարմինները տեղներից ժաժ չգան, ապա ճանապարհը չենք բացելու: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ քայլի ենք դիմում, արդեն համբերության բաժակը լցվել է: Եթե մտքներին տեղ լինի, մեկ օրվա ընթացքում խնդիրը կլուծեն, այլ ոչ թե կգան հերթական փափուկ բարձը կդնեն ու կգնան»: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր