211652_close_icon
views-count2157 դիտում article-date 17:31 24-11-2018

Արցախի արտգործնախարարը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության հետ

Նոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) պատվիրակության հետ՝ ՄՄՀ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների և թե՛ պետական կառավարման համակարգի այլ մարմինների միջև։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նախօրեին՝ նոյեմբերի 23-ին, Ստեփանակերտում կայացած՝ փոխադարձաբար առևտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին երկու երկրների կառավարությունների միջև համաձայնագրի ստորագրումը։ Կողմերի գնահատմամբ՝ համաձայնագիրը կլրացնի երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային բազան և կարևոր քայլ կհանդիսանա տնտեսության ոլորտում կայուն փոխգործակցության հաստատման համար։ Հանդիպմանը նաև քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունների և համատեղ գործնական ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր