211652_close_icon
views-count2380 դիտում article-date 10:48 06-12-2018

Վարչապետի պաշտոնակատարը չի պատրաստվում հանձնել Արցախը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր պատրաստվում հանձնել Ղարաբաղը, ինչում նրան մեղադրում էին, մասնավորապես, դաշնակցականները: Ի դեպ, նրանք այսօր պնդում են, որ սատարում էին Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը՝ առաջին նախագահի «պարտվողական քաղաքականությանը» հակազդելու համար: Ստացվում է, որ նրանք մոտ տասը տարի՝ մինչև 2008 թվականը, իշխանության մեջ էին այն պատճառով, որ 1998-ին Տեր-Պետրոսյանը Ղարաբաղը «ծախում էր»: Այդ պնդումը որևէ տրամաբանական քննության չի ենթարկվում: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես չէր պատրաստվում հանձնել Ղարաբաղը, ինչում նրան մեղադրում էին, մասնավորապես, ՀՀՇ-ականներն ու այլ ընդդիմադիրները: Մեր երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ ոչ մի մտադրություն չուներ «Ղարաբաղը ծախելու», ինչպես որ հայտարարում էին հատկապես զինված քաղաքական պայքարի ջատագովները: Ներկայումս Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը նույնպես չի պատրաստվում հանձնել Արցախը, ինչի մասին խոսում են, մասնավորապես, Դավիթ Շահնազարյանը և ՀՀԿ-ականները: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ կտրականապես համաձայն չեմ այն տեսության հետ, թե իբր թավշյա հեղափոխության վերջնական նպատակը հենց այդ «հանձնումն» էր: Իհարկե, պետության ղեկավարը կարող է սխալվել, կարող է հակված լինել անհաջող տարբերակների (օրինակ՝ «Մեղրիի») կամ չհիմնավորված զիջումների, բայց «հանձնելու» մտադրության մասին խոսելը թե՛ առաջ, թե՛ հիմա պարզապես ընդդիմադիր քարոզչություն է: Վստահ եմ, որ այդ մեղադրանքը սուտ կլինի նաև Հայաստանի 5-րդ, 6-րդ, 10-րդ ղեկավարի դեպքում: Նախ՝ այն պատճառով, որ դավաճանը հնարավորություն չունի դառնալու մեր երկրի առաջին դեմք, և երկրորդ՝ եթե նույնիսկ նա ստորագրի «հանձնելու» ծրագրի տակ, այն հնարավոր չի լինի իրագործել: Բայց այն հանգամանքը, որ ընդդիմադիրներն անհիմն մեղադրանքներ են առաջ քաշում, ամենևին չի նշանակում, որ այդ մեղադրանքների հեղինակներին պետք է քարշ տալ ԱԱԾ կամ որևէ այլ պատժիչ կառույց: Քաղաքական գործիչները հանդես են գալիս ճիշտ կամ սխալ քաղաքական մեղադրանքներով: Պատասխանը նույնպես պետք է լինի քաղաքական: Ոչ «ուժային»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր