Իրանում հարսանիքի ժամանակ հրաձգությունը 4 մարդու կյանք է խլել
4 մարդ է զոհվել, ևս 16 հոգի` տուժել Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
«Պատահարի հետևանքով, ցավոք, զոհվել է 4 մարդ, 16 հոգի տուժել են»,- գործակալությունը մեջբերել է նահանգի իրավապահ համակարգի ղեկավար Մանուչեհր ԱմանԷլահիի խոսքը:
Տեղեկությունների համաձայն՝ Չաման ոչ մեծ քաղաքում դեկտեմբերի 5-ի երեկոյան հրաձգությունն սկսել էր հարսանիքի հյուրերից մեկը, ով հանել էր «Կալաշնիկով» ինքնաձիգն ու կրակ բացել այլ հյուրերի հետ տեղի ունեցած վեճից հետո:
Հրաձգությունից հետո 20 մարդու տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տուժածներից չորսն ավելի ուշ մահացել է: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հրաձիգին և ևս 3 մարդու։