211652_close_icon
views-count2714 դիտում article-date 19:17 09-12-2018

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 18:00-ի դրությամբ ստացել է 12 հաղորդում

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է 12 հաղորդում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 1-ը Երևանում է, 4-ը Սյունիքի, 4-ը Շիրակի, 1-ական Վայոց Ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում: Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 10-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ստացված նյութերի համաձայն՝ քաղաքացի Ա.Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 8/19 ընտրատեղամասում քաղաքացիները, «մեկը մյուսին հուշելով, քվեաթերթիկ ցույց տալով կողքինին, ընտրում են»: Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղակայված թիվ 35/61 տեղամասում արձանագրված դեպքով՝ Մեղրի քաղաքի՝ 1960 թվականին ծնված բնակչուհին, ով հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, ընտրություն կատարելուց հետո փորձել է քվեարկություն կատարելու գործում օգնել նույն դիսպանսերում հաշվառված քրոջը, սակայն սխալմամբ ներկայացրել է իր նույնականացման քարտը, որի հետևանքով գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ: ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ։

Նմանատիպ նյութեր