211652_close_icon
views-count5660 դիտում article-date 12:19 10-12-2018

Համաշխարհային մամուլն արձանագրել է Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակը խորհրդարանական ընտրություններում

Ամբողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո կրկին իրենց ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա: «Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամրապնդեց իր իշխանությունն այն բանից հետո, ինչ իր ղեկավարած քաղաքական ուժը հաղթանակ տոնեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է բրիտանական The Guardian-ը: Պարբերականը մեջբերել է ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «Հայաստանի քաղաքացիները խորհրդարանում կազմել են հեղափոխական մեծամասնություն»: Sputnik News-ը նշել է, որ նախկին իշխող ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջին անգամ ձախողել է հաղթահարել 5 տոկոսանոց նախընտրական շեմը՝ անցնելու խորհրդարան՝ հավաքելով ընդամենը 4.7 տոկոս ձայն: «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի դաշինքը հեշտորեն հաղթել է խորհրդարանական ընտրություններում»,- գրել է Reuters-ը: Իսկ Euronews-ը, արձանագրելով, որ «Իմ քայլը« դաշինքը ստացել է ձայների 70.43 տոկոսը, նշել է. «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը տոտալ հաղթանակ է տանում»: ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստանում հավատարմագրվել էր 40 օտարերկրյա լրատվամիջոցի ավելի քան 80 լրագրող: Նրանք սկսել էին լուսաբանել ընտրությունները դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բացված բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,70 տոկոս կամ 59059 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8530 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48811 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,43 տոկոս կամ 884456 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80024 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,50 տոկոս կամ 2619 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը`0,51 տոկոս կամ 6456 ձայն, «Մենք» դաշինքը` 2,00 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12389 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22862 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103824 ձայն:

Նմանատիպ նյութեր