211652_close_icon
views-count2202 դիտում article-date 11:13 11-12-2018

Ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը լուրջ ահազանգ է. այդ մերժումը վկայում է նաև նոր իշխանությունների գործունեության խորքային բացթողումների մասին. Ն. Մկրտչյան

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտահայտում են քվեարկության մասնակիցների ձգտումներն ու տրամադրությունները. մի կողմից՝ մերժելու նախկին վարչակարգին, մյուս կողմից՝ ցուցաբերելով մեծ վստահություն նոր իշխանությունների հանդեպ: Այս մասին ԱԺ ընտրություններին վերաբերող հայտարարության մեջ նշել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններով ընդգծվեց, որ հեղափոխական իշխանության քաղաքական կամքն առկա է Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման համար: Անհրաժեշտ է, որ արագ ձևավորվեն այդ կամքն ամրագրելու իրավաքաղաքական հիմքերը, ժողովրդավարական մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան անշրջելի դարձնել ազատ ընտրական համակարգի կայացումը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտահայտում են քվեարկության մասնակիցների ձգտումներն ու տրամադրությունները. մի կողմից՝ մերժելու նախկին վարչակարգին, մյուս կողմից՝ ցուցաբերելով մեծ վստահություն նոր իշխանությունների հանդեպ: Միաժամանակ, ընտրություններն ի ցույց են դնում նաև հասարակության և պետական կառավարման խորքային արատները: Ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը լուրջ ահազանգ է. ընտրողների 51 տոկոսը մերժել է մասնակից բոլոր 11 քաղաքական միավորներին: Այդ մերժումը վկայում է նաև նոր իշխանությունների գործունեության խորքային բացթողումների մասին: Ընտրություններն անցկացվեցին ծայրահեղ կարճ ժամկետում և հապշտապ, ինչի հետևանքով նախկին վարչակարգից մնացած քաղաքական ավերակների վրա նոր, կենսունակ քաղաքական դաշտ չձևավորվեց: Ըստ այդմ՝ ձևավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝ առանց իրական և կենսունակ ընդդիմության: Խորհրդարան անցած կուսակցությունները ընտրարշավի ընթացքում չներկայացրեցին լուրջ քաղաքական ծրագրեր և Հայաստանի զարգացման իրենց տեսլականը: Այս փաստը հիմք է տալիս պնդելու, որ նոր խորհրդարանում լուրջ և կարևոր հարցերի շուրջ ընդդիմություն չի լինի: Դիտարկելով համամասնական և վարկանիշային ցուցակների կազմերը՝ հարկ է արձանագրել, որ հայկական հեղափոխությունը տեղապտույտ է տալիս: Այս ամենը գալիս է հաստատելու, որ Հայաստանում նոր քաղաքական համակարգը զուրկ է լինելու գաղափարներից, նպատակներից: Մինչդեռ հետհեղափոխական խորհրդարանը պետք է դառնար քաղաքական գործընթացների դրոշակակիրը: Քաղաքացիական հասարակության և քաղաքական օրակարգի ձևավորման, փոփոխությունների իրականացման հետագա պատասխանավությունը և առաքելությունը պետք է ստանձնեն խորհրդարանից դուրս գտնվող, ժողովրդավարության արժեքներին նվիրված քաղաքական ուժերն ու գործիչները: Նման լայնածավալ աշխատանքը պահանջում է միասնական գաղափարական հենք, քաղաքական և կազմակերպչական քայլեր: Նկատի ուենանալով խնդրի կարևորությունը՝ անհրաժեշտ է նախաձեռնել քաղաքական խորհրդատվություններ, քննարկումներ, որոնց կազմակերպչական գործառույթը պատրաստ եմ ստանձնել: Հանուն Հայաստանի քաղաքական ներկայի և ապագայի, քաղաքացիական հասարակության կառուցման՝ ժողովրդավարական ուժերի ու գործիչների միասնականությունն այլընտրանք չունի»:

Նմանատիպ նյութեր