2331 դիտում
20:14 19-12-2018
«Ջնջել ենք Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանը, որովհետև մեր գլխավոր խնդիրն է ստեղծել հնարավորություններ բոլորի համար». Նիկոլ Փաշինյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը UWC Դիլիջան քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով վերջիններիս` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից: «Իմ կարծիքով` շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին: Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով կարողանում է ինքն իրեն ստիպել գործել, ինչ-որ բան անել և ուղղակի չմնալ տեղում նստած՝ սպասելով ինչ-որ ուրիշ մեկի անելիքների արդյունքներին:
Ինչո՞ւ եմ ես սա հիշում և մեջբերում, որովհետև կարծում եմ` հենց «ներուժ» բառն արտահայտում է այս ամբողջ տրամաբանությունը, որովհետև մենք ուժեղ և հաջողակ ենք այնքանով, որքանով մեր ներսում ունենք ուժ՝ ինքներս մեզ ստիպելու ինչ-որ բան անել և չսպասել ինչ-որ ուրիշ մեկի անելիքին: Հետևաբար, սա է նաև այն առանցքային տրամաբանությունը, որ այսօր մենք փորձում ենք Հայաստանի Հանրապետությունում գործարկել: Մենք ուզում ենք այնպես անել, որ հնարավորինս ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ՀՀ-ում իրենք իրենց կարողանան ստիպել, համոզել սպասելու փոխարեն` գործել, մենք ուզում ենք այնպես անել, որ ոչ թե քաղաքացիները սպասեն, թե երբ է, օրինակ, կառավարությունն անելու տնտեսական հեղափոխություն, այլ իրենք ուղղակի վեր կենան և անեն իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը` ավելացնելով, որ այսօրվա հանդիպումն ընկալում է հենց այդ համատեքստում:
«Ես սա ընկալում եմ որպես հրավեր ուղղված բոլորիդ` Հայաստանի Հանրապետությունում իրացնելու ձեր բաժին տնտեսական հնարավորությունը: Շատ կարևոր հարց է՝ ի՞նչ է Հայաստանի նոր կառավարությունը տալիս և առաջարկում Սփյուռքին: Մենք Սփյուռքին առաջարկում ենք նույնը՝ ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Առաջարկում ենք հնարավորություն, որովհետև եթե հնարավորությունների հասանելիության տրամաբանությամբ նայենք, ապա Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիներ, եթե ոչ քաղաքացիների մեծամասնությունը, Հայաստանի Հանրապետությունում ապրելով, իրենք էլ ինչ-որ առումով եղել են սփյուռքահայ: Ինչո՞ւ, որովհետև նրանք հասու չեն եղել այն հնարավորություններին, որոնց հասու պիտի լինի քաղաքացին: Մենք այսօր շատ ենք խոսում Սփյուռքին հնարավորություններ տալու մասին: Ես հարցն այդպես չեմ ձևակերպում, որովհետև չեմ ցանկանա տպավորություն ստեղծել, որ, ահա, Սփյուռքի երիտասարդությանը հնարավորություն ենք տալիս՝ միևնույն ժամանակ մոռանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող երիտասարդներին: Սա շատ նուրբ պահ է, որովհետև որն է մեր հեղափոխության առանցքային իմաստը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Մեր հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ այդ սահմանն այլևս ջնջված է, այլևս չկա Հայաստան և Սփյուռք, այլևս կա մեկ ամբողջական հայություն, և մեր խնդիրն է հենց դա արձանագրելը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` կառավարության առանցքային նպատակն է այնպես անել, որ յուրաքանչյուրը և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում հասու լինի հնարավորություններին:
«Ի վերջո, երբ ասում եմ, որ բազմաթիվ մարդիկ ապրելով Հայաստանում` ըստ էության ապրել են սփյուռքում, նկատի ունեմ հետևյալը. բազմաթիվ մարդիկ մտածել են, որ այս երկրում ապագա չկա, այստեղ ամեն ինչ անիմաստ է, մեկ է, այստեղ ոչ մի բան չի փոխվի: Այս կետից է, երբ մարդու մոտ սկսվում է արտագաղթելու պրոցեսը: Արտագաղթելը մի օրվա որոշում չէ, այնպես չէ, որ առավոտյան արթնանում ես, սուրճ խմում և ասում` գնամ ճամպրուկներս հավաքեմ ու մեկնեմ: Դա շատ երկար պրոցես է, բարդ հոգեբանական որոշումների, իրադարձությունների շղթա է: Այնպես որ, այո, մենք էլ շատ դեպքերում, ըստ էության, եթե ոչ ֆիզիկապես, առնվազն մտովի սփյուռքում ենք ապրել այն առումով, որ հեռու ենք զգացել մեզ` մեր իսկ երկրում հնարավորություններ ունենալուց: Եվ հետևաբար մեր հեղափոխության առանցքային իմաստը հենց սա է. մենք ջնջել ենք Սփյուռքի և Հայաստանի միջև սահմանը, որովհետև մեր գլխավոր խնդիրն է ստեղծել հնարավորություններ բոլորի համար: Եվ կառավարության ամենակարևոր առաքելությունը դա է՝մարդկանց մղելը հաջողությունների: Կառավարության ամենամեծ խնդիրն է քաջալերել մարդուն, օգնել նրան, որ նա հաղթահարի փակուղին, հուսահատությունը և ինքն իր մեջ նաև քաղաքական մթնոլորտի, քաղաքական ուղերձի բերումով այնպիսի մի ներուժ ձևավորի, որ այդ ներուժն ամեն մեկին կարողանա ստիպել ի վերջո գործել` սպասելու փոխարեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ հեղափոխությունը հենց դա է, երբ ոչ թե սպասում ենք ինչ-որ մեկի գործողությանը, որի արդյունքում կստանանք ինչ-որ նոր բան, այլ ինքներս ենք գործում և մեր, մեր երկրի համար ստեղծում ինչ-որ բան:
«Հետևաբար ես համոզված եմ, որ մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, ունենք մեծ ներուժ, և այդ ներուժի արտահայտությունը հետևյալն է՝ ոչ թե սպասել, որ ուրիշները մեր փոխարեն որոշումներ կայացնեն և որոշեն մեր ճակատագիրը, այլ մենք հասկանանք և գիտակցենք, որ ունենք բավարար կամք, ուժ, հմտություն, իմաստություն և խելք ինքներս մեր ճակատագիրը որոշելու, ինքներս մեր հաղթանակները կերտելու, որովհետև մենք այլևս արդեն որպես ժողովուրդ սովորել ենք հաղթելուն և այդ սովորությունից ոչինչ մեզ հետ չի սովորեցնի: Այնպես որ մեզ բոլորիս մաղթում եմ նորանոր հաղթանակներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են պետական կառավարման համակարգի օպտիմալացմանն ու արդյունավետության բարձրացմանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, վենչուրային կապիտալի ներգրավմանը և այլ թեմաների:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «ՆերՈւժ» ծրագրին մասնակից մի քանի ստարտափերի գործունեությանն ու ծրագրերին:
«ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագիրը նախատեսված է սփյուռքի 18-35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: Այն բացառիկ հնարավորություն է բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաև մեկնարկային ծրագրեր ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու և դրանք իրագործելու համար:
Ծրագրին մասնակցում են մոտ 70 ստարտափերներ, որոնցից 50-ը՝ սփյուռքից: Այն անցկացվում է Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2018 թվականի դեկտեմբերի 17-ից 21-ը: Հաղթողները կստանան մինչեւ 15 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհ, ինչպես նաև իրավական ու հարկային անվճար խորհրդատվություն, անդամակցություն FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն և այլն: Ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներից, մասնավորապես մի շարք դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:
Քառօրյա միջոցառման գերակա նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակի և հնարավորությունների ստեղծումը, ստարտափային էկոհամակարգի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, առանցքային ստարտափային բիզնեսի զարգացման հմտությունների կիրառումը, համագործակցության և ֆինանսավորման համար հնարավորությունների ընձեռումը: Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, նորարար տեխնոլոգիաները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
18:06 04-11-2024
Աստանայում ներկայացվել է ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության գործընթացը
658 դիտում
17:48 04-11-2024
Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
568 դիտում
17:22 04-11-2024
Սանոսյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը