2275 դիտում
15:40 22-12-2018
Ո՞ւզում եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞. Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրությունների քարոզչության ընթացքում բազմիցս հանդես է եկել պետական կառավարման համակարգում օտիմալացման մասին հայտարարություններով և ստացել ժողովրդի մանդատն այն իրականացնելու համար: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա. նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի և, ըստ էության, ժողովրդից մենք ստացել ենք մանդատ՝ այդ պրոցեսն իրականացնելու համար: Ինձ անհանգստացրեց մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ նրանք ահազանգում էին՝ նշելով, թե մի կրճատեք նախարարությունը, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա արդեն շատ վատ ազդակ է, մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ: Ո՞ւզում եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կո՞ւնենա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով մշակութային քաղաքականության հետ կապված կառավարությանն ուղղված քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր գլխավորած կառավարությունը բացառիկ քայլեր է արել մշակութային քաղաքականության հարցում: «Մեկ տարվա մեջ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացրել ենք 400 մլն դրամով, 350 հազարով ավելացրել ենք մշակութային օջախներ այցելուների թիվը: Մշակութային քաղաքականությունն էլ ինչպե՞ս է լինում, իսկ ինչո՞ւ մինչև այժմ դա արված չէր: Երկրորդը՝ մշակույթի նախարարությունը չի լուծարվելու, այլ կազմակերպական այլ կառուցվածքով կաշխատի: Ընդհանրապես, մեր կառավարման համակարգում կա մի այսպիսի խնդիր. սովորաբար աշխարհում 9-11 աշխատողին բաժին է ընկնում մեկ ղեկավար, մեր կառավարման համակարգում ամեն 3,5 աշխատողին է բաժին ընկնում մեկ ղեկավար: Այսինքն, մեր կառավարման համակարգում բոլորը նախարարներ են, պետեր, վարչության պետեր, բաժնի պետեր, պետերի տեղակալներ, աշխատող ավելի քիչ կա, քան ղեկավարություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Սփյուռքի նախարարության լուծարմանը՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանում չկա այնպիսի նախարարություն, որը սփյուռքի հետ կապված խնդիրներով չզբաղվի: «Շատ դեպքերում մեկը մյուսից տեղյակ չեն, թե ով ինչ է անում: Օրինակ, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման գործը ցանկանում է իրականացնել Կրթության և գիտության նախարարությունը, իսկ դասագրքերն, օրինակ, տալիս է սփյուռքի նախարարությունը և մեկը մյուսից ընդհանրապես տեղյակ չէ: Պետական կառավարման համակարգի համար վճարում են հարկատուները, ուստի նրանք կարող են հույս ունենալ, որ իրենց գումարները ծախսվում են առավել արդյունավետ: Մյուս կողմից, մենք նաև հնարավորություններ ենք ստեղծում, որ ամեն մարդ ինքն իր համար աշխատանք ստեղծի, եթե այլ առաջարկ իրեն չկա»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ խնայված միջոցներով բարձրացվելու են աշխատավարձերը, որպեսզի նաև կառավարության աշխատողներից պահանջեն լրջագույն աշխատանք, ժողովրդի վճարած հարկերը մաքսիմալ ծախսվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
889 դիտում
08:36 30-05-2024
Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն. «Փաստ»
2416 դիտում
21:50 15-02-2017
Ինչ անենք, պետք է խելացի անենք. Կարեն Կարապետյան
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»