211652_close_icon

Առեղծվածային դեպք՝ Երևանում. սեփական տանը կապված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. տունն ամբողջությամբ տակնուվրա է արված. մահացածն էլ զբաղվում էր թանկարժեք իրերի վաճառքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count82180 դիտում article-date 12:51 31-03-2025
Այսօր՝ մարտի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Համո Սահյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Ոստիկաններն ու պարեկները նշված 1 հարկանի սեփական տան հյուրասենյակում մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում հայտնաբերել են տանտիրոջ դին, տունն ամբողջությամբ տակնուվրա է արված, ըստ դատաբժշկի՝ մարմնի տարբեր հատվածներում կան վնասվածքի հետքեր: 
 
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և տեղակալ Արշակ Կիրակոսյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը Վերնիսաժում էր աշխատում և զբաղվում էր թանկարժեք իրերի առք ու վաճառքով: 

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր