2518 դիտում
14:01 26-12-2018
ՊՆ կից հասարակական խորհուրդը զորակոչի հետ կապված ստացել է 25 դիմում-բողոք
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդը դեկտեմբերի 25-ի դրությամբ ձմեռային զորակոչի ընթացքում 25 դիմում-բողոք է ստացել, որոնք բացառապես վերաբերում են զորակոչիկների առողջական խնդիրներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստից առաջ ասաց Խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
« Դիմում-բողոքները վերաբերում են առողջական խնդիրներին: Սա բնական է,անցյալ զորակոչին էլ դիտվեց այդ օրինաչափությունը, որովհետև անցյալ զորակոչից սկսած գործողության մեջ մտան նոր կարգավորումներ, որոնք, ըստ էության, օրակարգից դուրս էին բերում եղբոր հետ նույն զորամասում ծառայելու խնդրանքը, բնակավայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու խնդրանքը, ինչը ոչ առողջական բնույթի դիմումների գերակշիռ մասն էր կազմում: Այդ իսկ պատճառով այս զորակոչին էլ, կարծում եմ, օրինաչափությունը կպահպանվի: Այդ խնդիրները, որոնց մասին ասացի, արդեն հստակ կարգավորված են, և քաղաքացիները տեղյակ են այդ կարգավորումների մասին, ուստի նոր դիմում բողոքներ այդ ուղղությամբ չեն ներկայացվել»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը նշեց, որ վերջին տարիներին անաչառությունը և անկողմնակալությունը զորակոչի գործընթացում անհամեմատ բարձրացել են։
«Այս գործընթացում մի առանձնահատկություն կա` օրինականության և արդարության միջև ճեղք է առաջանում, որովհետև որոշումը կարող է լինել օրինական, սակայն ծնողը այն ընկալում է ոչ արդար, և ծնողի ընկալումներն էլ ունեն իրենց հիմքերը: Նա փորձում է գնահատել իր որդու առողջական վիճակը և ծառայության մեջ սպասվող օրակարգը, դժվարությունները և գալիս է այն եզրակացության, որ իր որդին չի կարող ծառայել: Դրա համար մեր օրենսդրության զարգացումը պետք է գնա ոչ թե այս ճեղքն ընդլայնելու ճանապարհով, այլ հնարավորինս այդ ճեղքը նեղացնելու ճանապարհով, որպեսզի մենք կարողանանք, օրինական որոշումներ կայացնելու հետ մեկտեղ, այդ որոշումներն ընկալելի դարձնել ծնողների համար որպես արդար որոշումներ»,- ընդգծեց Հարությունյանը:
Նրա խոսքով` հասարակական խորհրդը միշտ եղել է այն մտքի կողմնակիցը, որպեսզի օրենսդրական փոփոխությունները ընթանան զորակոչի չափանիշները մեղմացնելու ճանապարհով:
«Այսօր պաշտպանության նախարարը մտածում է նաև այդ հարցերի մասին, և, երևի, այս զորակոչի ավարտից հետո ևս 6 ամսվա ընթացքում լուրջ ուսումնասիրություններ տարվեն, և հնարավոր է, որ որոշակի փոփոխություններ լինեն: Կարծում եմ, կարելի է մտածել այն մասին, որ, զորակոչվելով հանդերձ, առաջին գծում չհայտնվեն ավելի մեծ թվով զորակոչիկներ, որոնք կարող են ունենալ սահմանափակումներ»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահը հայտնեց, որ վերջին երկու զորակոչերին հիմնականում եղել են նույն կարգի դիմում-բողոքներ` 162 դիմում-բողոք ստացել են 2017 թվականի ձմեռային զորակոչին, 142 դիմում-բողոք 2018 թվականի ամառային զորակոչին:
«Ամառային զորակոչին մեր 31 տոկոսի վերաբերյալ կայացվել են արմատական որոշումներ: Այսինքն` եթե զորակոչիկը ճանաչվել էր զինվորական ծառայությանը պիտանի, վերանայվել է այդ որոշումը, և տրվել է տարկետում կամ ճանաչվել է ընդհանրապես ոչ պիտանի զինվորական ծառայությանը: 2009 թվականից ի վեր 3 հազար դիմում-բողոք ենք ստացել, և պետք է ասեմ, որ վերանայումների ցուցանիշը կազմել է ընդհանուրի 1/3-ը»,- եզրափակեց Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
1146 դիտում
16:33 17-08-2016
Ձևավորվել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը
1563 դիտում
19:24 18-11-2019
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1260 դիտում
22:46 26-03-2021
ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը վերսկսել է իր աշխատանքները
Այս բաժնից
1186 դիտում
16:33 17-11-2024
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում