4434 դիտում
14:14 26-12-2018
Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Արարատ Միրզոյանն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը
Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությանը:
«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Պարոն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»,-նշել է Արարատ Միրզոյանը:
Հայաստանը վերահաստատում է իր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը:
Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն»,- ասել է Աննա Նաղդալյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN