211652_close_icon
views-count2961 դիտում article-date 17:42 27-12-2018

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել գիտական խորհրդի տարեվերջյան նիստը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդես եկավ տարեկան ամփոփիչ հաշվետվությամբ, ինչպես նաև ծանոթացրեց 2019 թվականի բյուջեի նախագծին, որն արժանացավ գիտխորհրդի հավանությանը: Արմեն Մուրադյանն անդրադարձավ համալսարանի ուսումնական, գիտական ու կլինիկական ուղղություններին: Խոսելով դիմորդների և ուսանողների թվի մասին՝ ԵՊԲՀ ռեկտորն ասաց, որ բժշկական համալսարանը դիմելիության առումով շարունակում է առաջատար մնալ: «Մենք հստակ գիտենք ճանապարհային քարտեզն ու մեր անելիքները»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ ԵՊԲՀ-ն ուսանողներին ակտիվորեն ներգրավում է դեպի գիտություն, և այս ասպարեզում ձեռքբերումներն արդեն տեսանելի են: Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ձեռք բերումը համարելով տարվա կարևոր, լավագույն ձեռքբերումներից մեկը՝ ԵՊԲՀ ռեկտորը նշեց, որ 2019 թվականին ակնկալվում է ակտիվ աշխատանք՝ նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար: «Լրջագույն խնդիրներով հիվանդանոցն արագ տեմպերով վերականգնվեց: Դա խոսում է, այն մասին, որ 2019-2020 թվականերին հիվանդանոցի ոչ միայն վերածնունդն է լինելու, այլ նաև, այն գերիշխող դիրք է ունենալու հանրապետությունում՝ շնորհիվ համառ աշխատանքների և պրոֆեսորադասախոսական կազմի »,- ասաց Արմեն Մուրադյանը: ԵՊԲՀ ռեկտորը ներկայացնելով տարեկան հաշվետվությունը՝ խոսեց ուսուցման բազմաբաղադրիչ ձևաչափի կիրառման, ուումնական պրոցեսի և գիտելիքների գնահատման բարելավման, նեղ մասնագիտական ամբիոնների ձևավորման, դասախոսների վերապատրաստման, ուսումնական նյութատեխնիկական բազայի բարելավման, միջազգային համագործակցության ծրագրերի և մի շարք այլ հարցերի մասին: Օրակարգի համաձայն՝ զեկույցով հանդես եկավ ռեկտորի խորհրդական Իզաբելլա Աբգարյանը, ով գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կառուցվածքային միավորների անվանակոչության կարգը, որը սահմանում է հիմնադրամի կառուցվածքային միավորների (ֆակուլտետներ, ամբիոնների, լսարաններ, գիտական և կրթական կենտրոններ և այլն) անվանակոչության կարգը, դրան ներկայացվող պահանջները, սահմանափակումները, ինչպես նաև կառուցվածքային միավորների վերակազմակերպման և լուծարման դեպքերում տրված անվանումների պահպանման, փոփոխման և դադարման պայմանները: Գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեց նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատողների անձնական տվյալների պահպանության, օգտագործման, վարչական տարածքում տեսանկարահանում և տեսաձայնագրում իրականացնելու կարգերը, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի մանդատային հանձնաժողովի աշխատակարգը: Ուսումնական գրականությունը գիտական խորհրդի հաստատմանը ներկայացվեց գիտքարտուղար Տաթևիկ Ավագյանի կողմից: Զեկուցված կարգերն հաստատվեցին գիտական խորհրդի որոշմամբ: Նիստի վերջում, հիմք ընդունելով հաշվիչ հանձնաժողովի քվեարկության արդյունքները, ֆարմացիայի ամբիոնի դոցենտ Կարինե Մարգարյանին շնորհվեց պրոֆեսորի գիտական կոչում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գիտական խորհրդի տարեվերջյան նիստի ավարտին շնորհավորեց ներկաների գալիք Նոր տարին՝ ցանկանալով ջերմություն, երջանկություն ու խաղաղություն: «Բոլորդ ներդաշնակության ու հոգեկան անդորրի մեջ վայելեք այն ամենը, ինչ ստեղծել եք»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորը:

Նմանատիպ նյութեր