74237 դիտում
13:21 02-01-2019
Ճանապարհային Ոստիկանության վաշտի և դասակի հրամանատարները փրկեցին խմածության ամենաբարձր աստիճանում Range Rover-ը վարած 24-ամյա վարորդի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 2-ին, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի կարգադրությամբ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Range Rover մակնիշի 20 DD 007 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաշտի հրամանատարը տեղեկություններ է ստացել, որ նշված ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին Range-ը վարում է մեծ արագությամբ, երբեմն անցնելով հանդիպակաց երթևեկելի գոտի՝ վթարային իրավիճակներ ստեղծելով հանդիպակաց երթևեկող վարորդների համար։
Վաշտի հրամանատարը ռադիոկապով տեղեկությունը փոխանցում է նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Աբազյանին, ով էլ օրինախախտ վարորդին «հյուրընկալում է» Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Իջևան քաղաքի Բլբուլյան 7-րդ նրբանցքի բնակիչ՝ 24-ամյա Ռազմիկ Բեկնազարյանն է լինում, ով ենթարկվում է սթափության փորձաքննության և պարզվում է, որ նա ավտոմեքենան վարում է ոչ սթափ (խմած) վիճակում։ Խմածությունը եղել է ամենաբարձր աստիճանի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ նշված վաշտի 1-ին և 2-րդ գումարտակների ծառայողները փրկել են 8 վարորդի կյանք, ովքեր մեքենաները վարել են խմած։
Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտաին պատահարների հետևանքով եղել են բազմաթիվ ավտովթարներ, այդ թվում՝ ողբերգական, որոնց վարորդները եղել են ոչ սթափ, և եթե ճանապարհային ոստիկաններն այդ խմած վարորդներին չհայտնաբերեին ու մեքենաները չտեղափոխեին «գաի պլաշչադկաներ», ապա, Աստված մի արասցե, հնարավոր է՝ ավտովթարի պատճառ կամ վրաերթի պատճառ դառնային։
Ճանապարհային Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում և մարզերում և հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է, «կոկոնները տաքացրած» չվարեն իրենց ավտոմեքենաները։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+