211652_close_icon
views-count9752 դիտում article-date 10:47 09-01-2019

Եվս մեկ անգամ՝ հնդիկների մասին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Էդ որ հնդիկները եկել, լցվել են քաղաքը, սրա վերջը ի՞նչ է լինելու»,- հարցնում է ինձ տաքսու վարորդը: «Ինչո՞վ են ձեզ հնդիկները խանգարում»,- հարցնում եմ ես: «Ո՞նց թե ինչով են խանգարում,- զարմացավ զրուցակիցս,- եկել, ապրում են իմ հողում, հեսա Երևանում ընդհանրապես հայ չի մնա՝ սաղ հնդիկ ու պարսիկ են լինելու, մեր ազգի արյունը խառնելու են»: Եվ հնդիկների թեմայից սահուն անցավ աղանդավորներին և միասեռականներին՝ եզրակացնելով. «Ինչ կեղտոտ բան գալիս է, սաղ Եվրոպայից է գալիս»: Հավանաբար զրուցակիցս ենթադրում էր, որ հնդիկներն էլ են Եվրոպայից եկել: Տաքսու վարորդի օրինակը ես միշտ բերում եմ որպես «միջին վիճակագրական» հայաստանցու մտածողության մոդել: Պարզ է, որ մեր երկրում կան ակադեմիկոսներ, որոնք ճիշտ նույն ձևով են մտածում, և կան շուկայում կարտոֆիլ վաճառողներ, որոնց աշխարհընկալումն ավելի առաջադեմ է: Բայց համաձայնեք՝ հիմնական մտայնությունն այն է, որ մեր ազգն ավելի զարգացած է, մաքրասեր է, քաղաքակիրթ է, քան հնդիկները, պակիստանցիները, պարսիկները և «տարածաշրջանային» այլ ժողովուրդները, և մենք պետք է նրանցից զգուշանանք, իսկ հնարավորության դեպքում՝ ազատվենք: Հատկապես հնդիկների քաղաքակրթության մասին արժե, կարծում եմ, մի քանի բան կարդալ՝ նրանց մշակույթը նույնքան հին է և նույնքան զարգացած, որքան մերը: Բայց ռասիզմի, ինչպես նաև ցանկացած այլ՝ կրոնական, սեռական, քաղաքական անհանդուրժողականության հիմքում տգիտությունն է: Եվ հակառակը՝ երևույթների և կարծիքների բազմազանությունն ընդունելի է այնքանով, որքանով մարդն ունի դրանց մասին գիտելիք, տեղեկատվություն: Ինչո՞ւ է որոշ ուժերի հաջողվել Կարագանդայում տրամադրել մի խումբ ղազախ երիտասարդներին հայերի դեմ (հուսով եմ՝ ժամանակավորապես). որովհետև նրանք մեր մասին գիտեն մոտավորապես նույնքան, որքան մեզանից շատերը՝ հնդիկների և Հնդկաստանի մասին: Վերջերս համացանցում տեսա ստորագրահավաք, որը պահանջում էր հնդիկների և որոշ այլ օտարերկրացիների արտաքսում Հայաստանից: Երեկ այդ կայքէջը ջնջվել էր՝ հավանաբար կա՛մ կայքի տերերը, կամ էլ կազմակերպիչները գիտակցել են նման նախաձեռնության ռասիստական բնույթը: Բայց մինչև կայքի անհետացումը ես տեսել էի, որ այդ հայտադիմումը ստորագրել է մի քանի հարյուր հոգի: Ցավոք, ենթադրում եմ, որ հայերի մեջ շեղվածներն ավելի շատ են: Նույնքան, որքան բոլոր այլ ազգերի մեջ: Մարդկանց հոգեկան (և հոգևոր) շեղումների պատճառն այն թյուր կարծիքն է, թե իբր աշխարհում կան մարդիկ, որոնք ապրում են մեր հաշվին, և եթե այս կամ այն անձնավորությունը կամ ազգը կողքդ չլինի, ահա մենք սկսելու ենք ազատ շնչել: Իրականում «շնչելու օդը» լիքն է՝ հաստատ բոլորին կհերիքի: Ինչպես ասում էր հնդիկ մեծ մտածող Մահաթմա Գանդին՝ «ապրելու միակ ձևը ուրիշներին ապրելու հնարավորություն տալն է»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր