211652_close_icon
views-count5217 դիտում article-date 12:15 15-01-2019

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Վահագն Գրիգորյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառը

Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է իր նախկին աշխատանքն ավելի նախընտրելու համար: «[url=https://armenpress.am/arm/news/960765.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը: «Որևէ արտառոց կամ ծայրահեղ բան չկա: Պարզապես իր նախկին աշխատանքն իրեն երևի ավելի հետաքրքիր է, այդ պատճառով է դիմում գրել»,- ասաց Սիմոնյանը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյան հունվարի 15-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Եթե հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով հետ է վերցնում իր դիմումը, ապա այդ մասին Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, եթե մեկ շաբաթվա ընթացքում դիմումը հետ չի վերցվում, ապա այդ մասին ԱԺ նախագահը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Նմանատիպ նյութեր