Փաշինյանը հավատարիմ է Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների իր սկզբունքին. հավաստիացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում արդեն հայտարարել է այն մասին, որ Ղարաբաղի հարցով ինքը բանակցություններ կվարի ներկայացնելով բացառապես Հայաստանի դիրքորոշումը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, եւ նա այս սկզբունքին հավատարիմ է:
Հունվարի 16-ին Ազգային ժողովում այս մասին ասաց Արտաքին հարաբերությունների հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները շարունակում են մնալ հայկական կողմի օրակարգում:
«Դուշանբեում Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ոչ պաշտոնական զրույցի ենթատեքստում ոչ մի հակասություն չկա: Ըստ էության, հարցն այն է, որ շփման գծում կողմերի միջեւ զինված բախումները բացառվեն:
Ըստ էության, հենց այդ շփման արդյունքում էլ ստեղծվեց Երեւանի եւ Բաքվի միջեւ հատուկ կապը, որը թույլ տվեց, համենայնդեպս այս փուլում, լարվածությունը զգալիորեն թուլացնել»,- նշեց Ռուբինյանը:
Նա, միաժամանակ, հրաժարվեց մեկնաբանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցի ժամանակ կատարած հայտարարությունները ցավոտ զիջումների մասին, որոնց հայկական կողմը պետք է գնա ընտրություններում Փաշինյանի կուսակցության մանդատ ստանալուց հետո: