211652_close_icon
views-count3968 դիտում article-date 16:12 25-01-2019

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2019-ին կներկայանա բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններով. նվագախումբы նշում է իր տարեդարձը

Այսօր լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 13-ամյակը։ Գործունեության 13 տարիների ընթացքում նվագախումբը՝ իր հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, ելույթ ունեցել մեծանուն մենակատարների հետ, Հայաստանում նպաստել դասական երաժշտության հանրայնացմանը, մեծ աշխատանք ծավալել հայկական երաժշտական ժառանգության պահպանման ու աշխարհում տարածման ուղղությամբ։ 2019 թվականին նույնպես սպասվում է հագեցած աշխատանք ու համերգային գործունեություն։ 2019-ին նվագախումբը իր աշխատանքներում ներգրավելու է ականավոր արտիստների, երաժշտական աշխարհում հեղինակություն վայելող հոդվածագիրների։ Սերտացվելու է համագործակցությունը դասական երաժշտության ոլորտում հայտնի առցանց և տպագիր միջազգային մեդիա ռեսուրսների հետ՝ Mezzo TV, Medici TV և այլն։ Այս նախաձեռնության շնորհիվ աշխարհին ավելի լայնորեն կներկայացվեն հայ կատարողական արվեստը, հայկական կոմպոզիտորական դպրոցը։ Փետրվարի 20-ից մարտի 13-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը։ Այն այս տարի նվիրված է հայ երախտավորներից Ավետ Տերտերյանին։ Փառատոնի շրջանակներում անցկացվելու են սիմֆոնիկ համերգներ, որոնց ընթացքում հնչելու են բոլոր այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, ում նվիրված են եղել անցած 9 տարիների փառատոները՝ այդպիսով ամփոփելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի 9 տարիների գործունեությունը։ Իսկ փառատոնի բացումը կնշանավորվի մեր մեծագույն երգչուհիներից մեկի՝ Հասմիկ Պապյանի հետ համատեղ համերգով։ 2019թ. ընթացքում կանցկացվի նաև «Մերօրյա լեգենդներ» կոմպոզիտորական փառատոնը, որն այս տարի նվիրվելու է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին։ Ներկայացվելու է Մանսուրյանի սիմֆոնիկ երաժշտությունը, որը Հայաստանում քիչ է հնչում, բայց մեծ համբավ ունի աշխարհում։ Մաեստրո Մանսուրյանի Թավջութակի կոնցերտը Երևանում կկատարի իտալացի աշխարհահռչակ թավջութակահար Մարիո Բրունելոն։ Հատուկ համերգային ծրագիր կնվիրվի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը. այն ներկայացվելու է սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Առաջին անգամ կկատարվեն բնօրինակ, կոմպոզիտորի կողմից հաստատված տարբերակները և ոչ թե փոխադրումները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է որպես պաշտոնական նվագախումբ հանդես գալ Խաչատրյանի միջազգային մրցույթի ընթացքում, որն այս տարի նույնպես հոբելյանական է. նշվելու է մրցույթի 15-ամյակը։ Իրականացվելու են ձայնագրություններ. նվագախումբը շարունակելու է ձայնագրել հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները և դրանք ներկայացնել համաշխարհային հայտնի պիտակների (լեյբլների) ներքո։ «Արմենիա» միջազգային փառատոնը, որը այս տարի կանցկացվի սեպտեմբերին, նույնպես աչքի կընկնի բացառիկ համերգներով և հայտնի մենակատարների մասնակցությամբ։ «Արմենիա» փառատոնային բոլոր համերգներին, բացի եվրոպացի հեղինակների ստեղծագործություններից, կհնչեն նաև հայ կոմպոզիտորների գործեր։ Իրենց կատարումները հայ հանդիսատեսին կնվիրեն աշխարհահռչակ արտիստներ Նիկոլայ Լուգանսկին, Ինգոլֆ Վունդերը, Աննա Կասյանը, Անդրեյ Բարանովը և այլք։ 2019թ. աշնանը յոթերորդ անգամ կանցկացվի Խաչատրյանի միջազգային փառատոնը, որն այս տարի հետաքրքիր ձևաչափ ու խորհուրդ է ունենալու. փառատոնը նվիրվելու է 20-րդ դարի դասական երաժշտության երեք երախտավորների, երեք ընկերների՝ Արամ Խաչատրյանին, Սերգեյ Պրոկոֆևին, Դմիտրի Շոստակովիչին։ Այս տարվա նոյեմբերին նվագախումբը կազմակերպելու է նաև Ժամանակակից կոմպոզիտորների փառատոն՝ Հայաստան հրավիրելով մեր օրերում ստեղծագործող լեգենդար կոմպոզիտորների։ Նվագախումբը կշարունակի 2018-ին մեկնարկած ԴասԱ կրթամշակութային ծրագիրը, որն ուղղված է պատանիների շրջանում դասական արվեստի տարածմանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի արտասահմանյան շրջագայությունները կմեկնարկեն Դուբայի օպերային թատրոնում կայանալիք համերգներով։ Միացյալ Արաբական Էմիրություններում փետրվարի 28-ից մարտի 2-ը նվագախումբը հանդես կգա համերգներով, որոնք կայանալու են նոր ձևաչափով։ Էկրանին ցուցադրվելու են «Հարի Փոթեր» և «Կնքահայրը» ֆիլմերը, իսկ կինոնկարների բնօրինակ երաժշտությունը կենդանի կատարմամբ մատուցելու է նվագախումբը։ Կոլեկտիվը մի շարք երաժշտական գործակալությունների հրավերով ունենալու է նաև արտասահմանյան այլ հյուրախաղեր։ Իսկ տարին կամփոփվի հետաքրքիր անակնկալով, որը որպես Ամանորի նվեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կմատուցի իր սիրելի ու հավատարիմ ունկնդիրներին։

Նմանատիպ նյութեր