211652_close_icon
views-count2155 դիտում article-date 21:08 25-01-2019

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը մասնակցել է «Արևելյան գործընկերության 10 տարին առավելագույնին հասցնել ԱԳ արդյունավետությունը» թեմայով սեմինարին

Հունվարի 23-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը մասնակցեց «Արևելյան ուսումնասիրությունների կենտրոն» վերլուծական կառույցի կողմից կազմակերպված «Արևելյան գործընկերության տասը տարին․ առավելագույնին հասցնել ԱԳ արդյունավետությունը» թեմայով սեմինարին։ Սեմինարի հիմնական բանախոսներն էին ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Միխայել Զիբերտը (Michael Zibert), Հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան, Ֆրանսիայի ԱԳՆ Արևելյան գործընկերության և Սև ծովի համար պատասխանատու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին (Stéphane Visconti), Լեհաստանի ԱԳՆ Արևելյան քաղաքականության վարչության տնօրեն Յան Հոֆմոկլը (Jan Hofmokl)։ Բանախոսները և քննարկման մյուս մասնակիցները համակարծիք էին, որ ԵՄ Արևելյան գործընկերությունը հիմնականում հաջողված նախաձեռնություն է և արձանագրել է զգալի հաջողություններ անցած տասնամյակի ընթացքում։ Ընդհանուր դիրքորոշում էր, որ Արևելյան գործընկերության քաղաքական ձևաչափը առաջիկայում պետք է պահպանվի։ Շեշտադրվեց նաև ԵՄ կողմից “ավելին ավելիի դիմաց” սկզբունքի առավել արդյունավետ և հետևողական կիրառման անհրաժեշտությունը։ Բանախոսների կողմից հատուկ ուշադրության արժանացան Հայաստանում 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներից ընթացող քաղաքական վերափոխման գործընթացները, ինչպես նաև գնահատվեց դրանց ժողովրդավարական բնույթն ու արձանագրված արդյունքները։ Քննարկման ընթացքում անդրադարձներ եղան ԵՄ-ում և նրա անմիջական հարևանությամբ ընթացող քաղաքական և տնտեսական զարգացումներին, առկա և ծառացող նոր մարտահրավերներին։ Սամվել Մկրտչյանն իր մեկնաբանություններում ներկայացրեց ՀՀ-ԵՄ գործընկերության վերջին շրջանի զարգացումները, բարձր մակարդակով շփումները, ոլորտային համագործակցությունը։ Դեսպանն անդրադարձավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրառմանը և ԵՄ անդամ երկրների կողմից դրա վավերացման ընթացքին՝ ակնկալելով այդ հարցում առավել ակտիվության ցուցաբերում։

Նմանատիպ նյութեր