3804 դիտում
20:04 01-02-2019
Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Խմբակցության ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհավորել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության առթիվ, ինչպես նաև նշել, որ առաջին այցը կատարելով Արցախ՝ խմբակցությունը վերահաստատում է արդեն իսկ առկա հարաբերությունները պահպանելու և զարգացնելու պատրաստակամությունը:
Աշոտ Ղուլյանը կարևորել է երկու հայկական օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կընդլայնվեն խորհրդարանական դիվանագիտության շրջանակներն՝ ի շահ միասնական օրակարգում տեղ գտած հարցերի լուծման:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ այցի նպատակն է նորընտիր պատգամավորներին ծանոթացնել Արցախի գործընկերների հետ և
հստակեցնել առաջիկայում համազգային խնդիրների լուծման ուղղությամբ անելիքները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ պատգամավորների կողմից միջազգային հարթակներում Արցախի խնդիրը համակողմանի ներկայացնելու և չճանաչվածության պայմաններում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը ապահովելու հարցը:
Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում ԲՀ խմբակցության պատգամավորների և Արցախի օրենսդիրների մասնակցությամբ:
Արցախի խորհրդարանականների անունից ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ևս մեկ անգամ շնորհավորելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավորներին, համոզմունք է հայտնել, որ խմբակցությունն ակտիվ գործունեությամբ շարունակելու է իր նպաստը բերել երկկողմ փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Խոսելով այցի մասին՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է համահայկական նշանակության հարցերը գործնական դաշտ տեղափոխելու և Արցախի միջազգային ճանաչման հարցում իր ղեկավարած խմբակցության հետևողական ջանքերն ակտիվացնելու
անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Բաղունցը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
19:35 19-11-2022
Արցախի նախագահն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական պատվիրակությանը
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»