211652_close_icon
views-count1780 դիտում article-date 12:39 04-02-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի է ունեցել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի նորակառույց առաջնորդարանի բացումը

Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի է ունեցել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Տեղեկատվական համակարգից, Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղվել է դեպի առաջնորդարանի նորակառույց շենքը, որտեղ նրան սպասել են պետական այրեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու բարերարներ և բազում այլ հավատավոր հայորդիներ: Վեհափառ Հայրապետը Հայկազուն Սրբազանի և Թեմական խորհրդի ատենապետ տիար Սարգիս Տեր-Պետրոսյանի հետ միասին կատարել է առաջնորդարանի հուշաքարի բացումը և հատել մուտքի ժապավենը` ազդարարելով առաջնորդարանի պաշտոնական բացումը: Տոնական այս առիթով Նորին Սրբությունն իր օրհնության և գնահատանքի խոսքն է ուղղել ներկաներին` գոհություն հայտնելով Աստծուն, որ պարգևել է շնորհը ուրախակից լինելու հայ համայնքին նորակառույց առաջնորդարանի բացման հանդիսության կապակցությամբ, որը ծառայելու է ավստրալիաբնակ մեր ժողովրդի հոգևոր և ազգային կյանքի պայծառությանը: «Նորաշեն, մեծ ու գեղեցիկ այս շենքի կառուցումը մի նոր վկայություն է ավստրալիաբնակ մեր ժողովրդի հավատքի և եկեղեցասիրության և ազգային կյանքի հանդեպ նախանձախնդրության: Այդ ոգին է շենացրել այստեղ հայկական կյանքը: Այդ ոգին միավորել է ձեր ծնողներին ու պապերին եկեղեցիներ կառուցելու, դպրոց ունենալու, ազգային կառույցներ ստեղծելու՝ պահպանելու համար ազգային ինքնությունը և հավատքի կյանքը, որն ունի Քրիստոսի շնորհը հավիտենականության: Տիրոջ օրհնությամբ նոր Առաջնորդարանը ծառայելու է Ավստրալիայում մեր Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, հայ համայնքի զորացմանը, որպես ազգի տուն՝ համախմբելով այս մեծ երկրում ապրող մեր ժողովրդի զավակներին: Բոլորիս տեսիլքն է, որ այս նորաշուք հարկի ներքո հատկապես երիտասարդ հայորդիները առնչվեն իրենց արմատներին և առավել ներգրավվեն հոգևոր և ազգային կյանքում: Առաջնորդարանը՝ ինչպես ազգային կյանքի ամեն ձեռքբերում, նաև բարի գործերի նախանձախնդրության օրինակն է փոխանցելու հաջորդ սերունդներին՝ շարունակելու ավստրալիահայ համայնքի հավատքի կյանքը, բարեպաշտ ընթացքն ու ավանդները: Ձեր բարեպաշտությունը, սիրելիներ, նաև հիմքն է այս մեծ ու բազմազգ երկրում ձեր հաջողությունների և ձեր հանդեպ հարգանքի ու վստահության», - նշել է Ամենայն Հայոց Հայրապետը: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը օրհնությամբ հանդերձ իր երախտիքի խոսքն է փոխանցել հանդիսությանը մասնակից իշխանության ներկայացուցիչներին, Քույր Եկեղեցիների առաջնորդներին և հավատակից եղբայրներին այն բարի վերաբերմունքի համար, որը հայ ժողովրդի զավակները վայելում են Ավստրալիայում: Հավատքի անսասանության, միմյանց հանդեպ սիրո և միասնականության պատգամի հետ մեկտեղ Վեհափառ Հայրապետը հորդորել է հայորդիներին շարունակել շենացնել իրենց կյանքը, իրագործել ազգաշահ գործեր: Նորին Սրբությունը մաղթել է, որ առաջնորդարանը արդյունավորությամբ ծառայի ժողովրդի հոգևոր և ազգային զարթոնքին՝ իրենց կյանքում վայելելու Աստծո օրհնությունն ու շնորհները: Հայրապետը հայցել է, որ Տերը պահպանի համայն մեր ժողովրդին ապահով ու անվտանգ, մեկ ու միասնական՝ մեր Սուրբ Եկեղեցիով, Սուրբ Էջմիածնով և նվիրական մեր հայրենիքով: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն ու օրհնությունն է բերել առաջնորդարանի հիմնական բարերարներ Տեր և Տիկին Լորիս և Սոնյա Խանջյաններին և իրենց ավանդը առաջնորդարանի կառուցմանը բերած Եկեղեցու նվիրյալ զավակներին՝ հայցելով Տիրոջից նրանց քաջառողջություն, արևշատ կյանք և ազգաշահ նոր ձեռնակներ: Ի գնահատություն եկեղեցանվեր և ազգօգուտ ծառայության Հայրապետական կոնդակով Տեր և Տիկին Խանջյաններին շնորհվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը: Հիշարժան այս օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը արքության պատիվ է շնորհել թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին` ի գնահատություն նրա բարեջան ծառայության: Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բերել հոգևոր դասին, որոնք անխոնջ խնամում և հսկում են մեր ժողովրդի հոգևոր կյանքը, ինչպես նաև եկեղեցական վարչականներին և Ավստրալիայում ապրող համայն հավատավոր մեր ժողովրդին:

Նմանատիպ նյութեր