211652_close_icon
views-count1917 դիտում article-date 18:52 19-02-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին: Ազգային ժողովի նախագահն արձանագրել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-շվեյցարական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ուղղություններով: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստ է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու եւ այն նոր մակարդակի բարձրացնելու: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Շվեյցարիայի Համադաշնության հավասարակշռված դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Ստեֆանո Լազարոտոն, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաջողություններ է մաղթել նրան: Բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության ներկա մակարդակը` դեսպանը կարեւորել է միջազգային հարթակներում երկու երկրների ակտիվ համագործակցությունը: Կողմերը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում, անհրաժեշտ են համարել օրենսդիրների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը: Զրուցակիցները վերահաստատել են համատեղ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը, անդրադարձել տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին: Նրանք մտքեր են փոխանակել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության խորացման ու ամրապնդման հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր