Մասիսի քաղաքապետի ու 10 մեղադրյալի գործով մեղադրանքը Դատախազությունը չի հաստատել, այն ուղարկել է ՔԿ՝ լրացուցիչ նախաքննության
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել և Դատախազություն էր ուղարկել 2018–ի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
Սակայն Մասիսի քաղաքապետի ու 10 անձի մեղադրանքը ՀՀ դատախազությունը չի հաստատել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Գործն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՔԿ-ից հայտնել էին, որ իրենց կողմից ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 11 անձի:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, Ա.Հակոբյանին, Ա.Խանջյանին, Ա.Մամուլյանին և Գ.Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մ.Պողոսյանին և Հ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Գ.Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ մասի 4-րդ կետով:
Մ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: