2558 դիտում
10:44 27-02-2019
Կոռուպցիան արմատախիլ անելու անձնական, բարոյական շեշտադրումները չեն աշխատում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո առաջին ամիսներին իշխանությունները հայտարարում էին, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա: Հայտարարում էին ամենաբարձր մակարդակով: Որպես հիմնավորում նշում էին, որ իրենք կոռումպացված չեն, հետևաբար կոռուպցիան զրկվել է կազմակերպչական այն ձևից, որ ուներ նախկինում:
Որոշ ժամանակ անց, երբ միջին և ցածր օղակների մակարդակով տեղի էին ունենում կոռուպցիոն սկանդալներ, իշխանությունները զարմանում ու զայրանում էին, թե ինչպես են ոմանք նոր իրավիճակում համարձակվում կոռուպցիայով զբաղվել, կաշառք վերցնել: Այդ մարդկանց հանդեպ հնչեցվում էին բարոյական գնահատականներ, ըստ որոնց, նրանք չէին ըմբռնել Հայաստանում փոխված իրավիճակը:
Արդեն վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Վանեցյանի մակարդակով փաստվեց, որ Հայաստանում կոռուպցիա ամեն դեպքում կա: Ավելին՝ արդեն քանի օր է շրջանառվում է ներիշխանական հնարավոր կոռուպցիոն սկանդալ՝ կապված ՊՎԾ աշխատակիցների հետ:
Արդյո՞ք ի սկզբանե իշխանությունները անկեղծ էին, երբ համարում էին, որ կոռուպցիա չկա ընդհանրապես, դժվար է ասել: Փաստը այն է, որ այս պահի դրությամբ արձանագրված է, որ կոռուպցիա կա: Ընդ որում, կա ոչ միայն միջին ու ներքևի օղակներում, այլ վերևի օղակներում ևս: ՊՎԾ շուրջ հասունացող սկանդալը դրա ապացույցն է, ապացույց առ այն, որ պայմանական հեղափոխականների շրջանում ևս կոռուպցիա կա:
Սա, իհարկե, խարան չէ բուն հեղափոխության համար: Ի վերջո պատմությամբ ապացուցված է, որ բազմաթիվ հեղափոխականներ են հետ կանգնել իրենց հռչակած արժեքներից: Հնարավոր չէ, որ բազմաքանակ հեղափոխական ղեկավարության մեջ բոլորը լինեն բարոյական արժեքների կրող: Ի վերջո, կոռումպացվածության կամ դրա բացակայության մակարդակը արձանագրվում է ոչ թե դրանով զբաղված չլինելու փորձառությամբ, այլ կոռուպցիային առերեսվելու և ճանապարհը փոխելու համարձակությամբ:
Խնդիրը այլ տեղ է: Կոռուպցիայի դեմ պայքարը, կոռուպցիան արմատախիլ անելու անձնական, բարոյական շեշտադրումները չեն աշխատում: Կոռուպցիան համակարգային խնդիր է, ու դրա բացակայությունը երաշխավորել բացառապես մարդկային բարոյականությամբ անարդյունավետ է: Այս իմաստով հույս ունենք, որ վերջին արձանագրումները ազդակ կհանդիսանան, որպեսզի վերանայվի կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումը:
Վախեցնել դեռ չի նշանակում կոռուպցիան վերացնել: Ավելին՝ վախեցնել հնարավոր է սկզբում, երբ կա հեղափոխական մթնոլորտ ու ահռելի վստահության ռեսուրս: Այնուհետ այդ ռեսուրսը պակասելու է, ընդ որում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Հետևաբար կարիք կա դնել ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկը: Ավելին՝ շատ զարգացած երկրներում նույնիսկ 100 տոկոսով կոռուպցիան վերացնելու մասին չեն խոսում, քանի որ անիրատեսական է պնդել, թե հնարավոր է մարդկային պատմությունից էլ հին երևույթը հիմնովին արմատախիլ անել:
Ժամանակն է, որ վերջին շրջանի ազդակները դառնան նոր հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հիմք: Եթե հիմա դա չարվի, ապա հաջորդ ազդակները վստահաբար ավելի բացասական են լինելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2926 դիտում
13:58 06-02-2020
Կոռուպցիան արմատախիլ ենք անելու. կասկածողները կճաշակեն կասկածների ամենադառը պտուղները. Փաշինյան
1096 դիտում
09:18 22-07-2023
Արցախի ԱԺ նախագահի ուղերձի հիմնական շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ում մշակված թեզեր էին. «Փաստ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը