211652_close_icon
views-count1334 դիտում article-date 22:30 27-02-2019

Մշակվել են առաջարկություններ՝ ընտրական գործընթացը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու նպատակով. ՖՈՈՏԵՌՊՈՐՏԱԺ

Ընտրական գործընթացը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար մատչելի դարձնելու նպատակով փետրվարի 25-ին և 26-ին տեղի ունեցավ երկօրյա աշխատաժողով, որի ընթացքում մշակվեցին օրենսդրական և քաղաքականության բարեփոխումների առաջարկություններ՝ ուղղված կառավարությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հասարակական կազմակերպություններին, հաշմանդամություն ունեցող անձանց և ԶԼՄ-ներին: Աշխատաժողովին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձանց և իրավապաշտպան կազմակերպությունների ավելի քան 30 ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում սոցիոլոգ Լուսինե Քարամյանը ներկայացրեց զեկույց, որում ամփոփված են հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար ընտրական տեղամասերի մատչելիության վերաբերյալ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած դիտորդների ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրություններն իրականացվել են «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտորդների կողմից: Նշվեց, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 179846 հաշմանդամություն ունեցող քաղաքացի: Հաշմանդամություն ունեցող ընտրողները ընտրատեղամասերում բազմաթիվ խոչընդոտների են բախվել՝ թեքահարթակների բացակայության կամ դրանց՝ ընդունված չափանիշներին չհամապատասխանելու, խոշորացույցների բացակայության, քվեախցիկների դիրքի և քվեասենյակների կահավորման հետ կապված և այլն: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի քաղաքական ջատագովության հանձնաժողովի համակարգող Վարդինե Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկությունների փաթեթը: Հիմնվելով դիտորդների կողմից արձանագրած տվյալների վրա՝ աշխատանքային խմբերը մշակեցին օրենսդրական և քաղաքականության բարեփոխումներին ուղղված առաջարկություններ, որոնք կամփոփվեն առաջիկայում ներկայացվելիք զեկույցում: Քննարկվեց ԿԸՀ-ի «Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով լրացուցիչ հնարավորություններ սահմանելու մասին N 136-Ն» որոշման բացերը, դրանում փոփոխություններ և հավելումներ մտցնելու վերաբերյալ առաջարկություններ մշակվեցին: Հիշեցնենք, որ աշխատաժողովը կազմակերպեց և իրականացրեց «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների նախապատրաստում և մոնիտորինգ. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի», «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր