28981 դիտում
14:04 02-03-2019
Գորիսի Ճանշինը և ճանապարհային ոստիկանները վերսկսել են ուժեղ ձնաբքի պայմաններում բացել գլխավոր ճանապարհը. որոշ «տաքգլուխ» վարորդներ խոչընդոտում են աշխատանքներին, ձնամաքրմանը օնլայն եղանակով հետևում է կապի և տրանսպորտի նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի ժամ է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Գորիսի վարչական տարածքում տեղի ճանշինականները մեծ դժվարությամբ ուժեղ ձնաբքի պայմաններում հատոկ տեխնիկաների միջոցով հսկայական աշխատանքներ են կատարում՝ բքի հետևանքով փակված ճանապարհը բացելու ուղղությամբ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանշինականների հետ են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Հատուկ տեխնիկայով, ինչքան էլ ձյունը ճանշինակաները հեռացնում են, ուժեղ բուքը կարճ ժամանակում փակում է ճանապարհը։ Անգամ կան հատվածներ, որոնց բարձրությունն անցնում է 1 մետրը։ Այդ ընթացում ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վարորդները չփորձեն խոչընդոտել ձնամաքրման աշխատանքներին և ճանապարհը բացվելուն պես ճանապարհային ոստիկանների ուղեկցությամբ երթևեկությունը վերականգնվում է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ցավոք, կան վարորդներ, ովքեր չեն գնահատում Գորիսի ճանշինի և ճանապարհային ոստիկանների աշխատանքը և ինքնագլուխ, վստահ լինելով իրենց ավտոմեքենայի վրա, անցնում են ճանապարհը ու կարճ ժամանակ անց հայտնվում են կոտրած տաշտակի առաջ, այս դեպքում նրանց օգնության ձեռք են մեկնում ճանշինականները, ճանապարհային ոստիկաններն ու Գորիսի հրշեջ-փրկարարները։
Աշխատանքներին օնլայն եղանակով հետևում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, իսկ տեղից կատարված աշխատանքների մասին նախարարին հեռախոսով տեղեկություններ է փոխանցում «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+