211652_close_icon
views-count2465 դիտում article-date 12:51 07-03-2019

12 նախարարություն․ Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը հավանություն ստացավ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթին: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախատեսվում է կառավարության հետևյալ կազմը և կառուցվածքը՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները. 1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 2) առողջապահության նախարարությունը, 3) արդարադատության նախարարությունը, 4) արտակարգ իրավիճակների նախարարությունը, 5) արտաքին գործերի նախարարությունը, 6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, 7) շրջակա միջավայրի նախարարությունը, 8) պաշտպանության նախարարությունը, 9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, 10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, 11) Էկոնոմիկայի նախարարությունը, 12) ֆինանսների նախարարությունը»: Ակնկալվում է, որ կառավարությունը ֆունկցիոնալ իմաստով կունենա առավել արդյունավետ կառուցվածք: Կկրճատվի առաջին փոխվարչապետի հաստիքը, որի արդյունքում 3 փոխվարչապետների փոխարեն կլինի 2 փոխվարչապետ: 17 նախարարության փոխարեն կսահմանվի 12 նախարարություն: «Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Կրթության և գիտության նախարարությունը կմիաձուլվեն ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Վերջինիս կփոխանցվեն նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրանսպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները և գործառույթները: Նշված նախարարության ենթակայությանը կհանձնվի նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն: Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարության»,- ասաց Զեյնալյանը: Նրա խոսքով՝ Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Միևնույն ժամանակ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը: Նախագծի ընդունման պարագայում՝ կընդգծվի այն հանգամանքը, որ վարչապետի թույլտվությամբ կառավարության նիստն ամբողջությամբ կարող է ընթանալ դռնբաց, իսկ կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը:

Նմանատիպ նյութեր