211652_close_icon
views-count1830 դիտում article-date 13:35 14-03-2019

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնին նվիրաբերվեցին անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ

Կառավարությունն այսօրվա նիստում Անասնապահության զարգացումը խթանելու նպատակով որոշեց «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին նվիրաբերել 22 մլն 587 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային օգտագործման համար: Որոշվեց նաև Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերի համապատասխան համայնքների վարչական տարածքներում գտնվող` 1 մլրդ 64 մլն 537 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ջրարբիացման համակարգերը նվիրաբերել նույն համայնքներին` համապատասխան համայնքի արոտավայրերի ջրարբիացման բարելավման և անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով: «Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 226 մլն 895 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան նվիրաբերվեց նույն կոոպերատիվներին՝ կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով», - նշեց Գեղամ Գևորգյանը։

Նմանատիպ նյութեր