211652_close_icon
views-count6347 դիտում article-date 10:51 15-03-2019

Պաշտոնյաները կարող են դուրս գալ փողոց և անցորդներին կարկանդակներ բաժանել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ճիշտն ասած, Օպերայի մոտակայքում գործող սրճարանները քանդելն, իմ ընկալմամբ, Երևանի ամենաառաջնահերթ խնդիրը չէ: Ուրիշ հարց, որ դա անելը համեմատաբար հեշտ է, և քանդելու մեջ պոպուլիզմի որոշակի տարր կա՝ վերականգնում ենք նախորդ իշխանությունների կողմից խեղված մեր սիրելի մայրաքաղաքի կերպարը: Մյուս կողմից, իհարկե, ավելի լավ կլիներ, եթե այնտեղ սրճարաններ չլինեին: Քաղաքային նախորդ իշխանությունները, մեղմ ասած, սխալ էին վարվել՝ սրճարանների թույլտվություն տալով, և դա, ենթադրվում է, արել են ոչ անշահախնդիր: Բայց անձամբ ես ևս մի քանի տարի կհանդուրժեի այդ սրճարանների գոյությունը՝ մանավանդ, որ դրանց սեփականատերերը պայմանագրեր էին կնքել քաղաքապետարանի հետ մինչև 2022-23 թվականները: Իսկ սեփականության իրավունքը նույնպես շատ կարևոր է, այդ թվում՝ ներդրումներ գրավելու տեսանկյունից: Մի խոսքով, սրճարանները քանդելու որոշումը կարելի էր հետաձգել, իսկ այդ ընթացքում կատարել ինչ-որ «կառուցողական» աշխատանք: Պարզ է, որ մի քանի ամսում հնարավոր չէ ազատել մեզ «հուսահատության գազելներից» կամ մետրոյի կայարան կառուցել (այստեղ, ի դեպ, ոչ մի առաջընթաց չի նկատվում), բայց որոշ աշխատանքներ հնարավոր էր գոնե սկսել: Օրինակ, նախորդ 10 տարիների ընթացքում բարեկարգվել են «Երազ» գործարանի և Հանրապետական հիվանդանոցների մոտի այգիները, «Երիտասարդական» մետրոյի կողքի ստորգետնյա անցումը, կառուցվել է Ծիծեռնակաբերդի ավտոճանապարհը, որը միացնում է Լենինգրադյան-Իսակով փողոցները, կառուցվել է նաև Դավիթաշեն -Աշտարակի խճուղի ճանապարհը: Այդ տեսակի նախագծերը հնարավոր էր նախաձեռնել, որպեսզի 2-3 տարի հետո ավելի հեշտ լիներ ասելու՝ «ահա մենք լավը կառուցել ենք, իսկ հիմա վատը քանդում ենք»: Բայց եթե ապամոնտաժելու որոշումն ընդունվել է, ապա այն առանց տատանումների և հետաձգումների պետք է իրականացվի: Որովհետև չկա և չի լինելու կառավարության կամ քաղաքապետարանի որևէ որոշում, ԱԺ ընդունած որևէ օրենք, որից բոլորը գոհ կլինեն: Միշտ կհայտնվեն բողոքող խմբեր, և եթե այդ բողոքների հիման վրա որոշումները «հետողորմյա» արվեն, ապա կարելի է ընդհանրապես ոչ մի որոշում չընդունել, պաշտոնյաները կարող են դուրս գալ փողոց և անցորդներին կարկանդակներ բաժանել: Սա է բոլորի համար «պուպուշ» լինելու միակ տարբերակը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր