1804 դիտում
10:38 21-03-2019
Ի՞նչ է պատասխանելու Հայաստանը կամ, ի վերջո, պատասխանելո՞ւ է, թե՞ կրկին անարձագանք է թողնելու․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ տարածվել է հերթական ուշագրավ լուրը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին:
Միաժամանակ Սեմերիկովը նշել է, թե քանի որ համաձայնեցման ու փաստաթղթերի ստորագրման ժամկետները հստակեցված չեն, ապա անհնար է ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը: Ի պատասխան այս հայտարարության՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ ասել է, որ հայկական կողմի համար առաջնայինը սկզբունքի ամրագրումն է, քանի դեռ ամրագրված չէ սկզբունքը, թե ինչպես լրացնել այդ իրավական բացը նման իրավիճակների համար, մնացած զրույցների մասին խոսքը դեռևս ավելորդ է ՀՀ կողմից:
Թե ինչպես կհանգուցալուծվի այս խնդիրը՝ դեռևս պարզ չէ, հայտնի չէ նաև, թե ինչ է պատասխանելու Հայաստանը կամ, ի վերջո, պատասխանելո՞ւ է, թե կրկին անարձագանք է թողնելու այն, ինչպես եղավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի առաջարկի դեպքում՝ գալ Հայաստան և հանդիպել հայկական կողմի հետ:
Հիշեցնենք, որ Զասը փետրվարի 7-ին հայտարարել էր, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ ՀԱՊԿ կանոնակարգը սահմանափակ կազմով որոշման ընդունման հնարավորություն է նախատեսում, սակայն դա լավագույն տարբերակը չէ, քանի որ նման որոշումները կոնսենսուսով են ընդունվում: Բացի դրանից, նա նշել էր, որ պատրաստ է հանդիպել հայկական կողմի հետ, սակայն Երևանից պատասխան չի ստացել:
«168 ժամի» թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին, ասել է. «Հասկանալի էր, որ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ գլխավոր քարտուղարի հետ, ՀՀ ներքաղաքական զարգացումների հետևանք էր, բայց այն վերաբերում էր միջազգային կազմակերպությանը, ուստի հարված հասցրեց ՀԱՊԿ հեղինակությանը: Սա, բնականաբար, չի կարող հաճելի լինել ՀԱՊԿ անդամ մյուս երկրների համար, և սա կարող էր կանխատեսելի լինել, քանի որ որոշ ներքին որոշումներ, որոնք վերաբերում են միջազգային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնող անձանց, նուրբ թեմաներ են, ուստի պետք է շատ ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերել այս հարցում: Խնդիրը եղավ, ապա սկսեց շրջանառվել իրավական խնդիրները լուծելու հարցը, որն ընդունելի է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար: Բայց զուգահեռաբար՝ Բելառուսն աշխատում է իր թեկնածությունը հաստատելու համար՝ օգտվելով այս չկանոնակարգված հարաբերությունների բնույթից: Ես, չնայած այս զարգացումներին, չեմ կարծում, թե առանց Հայաստանի իսկապես որոշոմ կկայացվի»:
Նա նաև նշել է, որ տեղեկություններ են շրջանառվում, որ, եթե չհաջողվի հասնել կոնսենսուսի, Սեմերիկովի քարտուղարությունը կշարունակվի մինչև 2020 թվականը:
«Բնականաբար, ՀՀ-ն կարող էր ընթանալ այլ ճանապարհով, չնպաստելով խնդրի խորացմանը՝ զուգահեռաբար բարձրացնելով հարցեր, որոնք կարող են ամրապնդել ՀԱՊԿ կառույցը»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2848 դիտում
10:14 05-03-2015
Ի վերջո, քանի հոգի կմնա ԲՀԿ-ում՝ պարզ կդառնա այսօրվա համագումարից հետո. 168 Ժամ
Այս բաժնից
1063 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»