211652_close_icon
views-count1694 դիտում article-date 23:24 03-04-2019

Հնդկաստանում վերականգնվել է Մադրասի Հայկական կամրջի պատմությունը վկայող եռալեզու հուշաքարը

Հնդկաստանի հայկական հարուստ մշակութային ժառանգության արժեքավոր կոթողներից է Մադրասի Հայկական կամուրջը, որն իր միջոցներով դեռևս 1726 թվականին կառուցել է ծագումով ջուղահայ վաճառական Պետրոս Ոսկան Վելիջանյանը, ով առավելապես հայտնի է Խոջա Պետրոս անունով։ Գեղատեսիլ բազմակամար կամուրջը եղել է Մադրասի տեսարժան վայրերից մեկը, որն իրենց կտավներում պատկերել են բազմաթիվ գեղանկարիչներ։ Դարեր շարունակ Հայկական կամուրջը հանդիսացել է Մադրասի երկու հատվածները կապող կարևորագույն օղակ և միայն 1966 թվականին դրա անմիջական հարևանությամբ կառուցվել է նոր կամուրջ։ Մադրասի Հայկական կամրջի պատմությունը լատիներեն, պարսկերեն և հայերեն արձանագրված է հուշաքարի վրա։ Սակայն, արձանագրության հայերեն հատվածը, որը փորագրված է հուշաքարի ստորին մասում, ժամանակի ընթացքում ամբողջությամբ բետոնապատվել էր։ Ամիսներ առաջ Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը դիմել էր պատկան մարմիններին՝ թույլատրելու հուշաքարի վերականգնումը։ Դեսպանության խնդրանքով Չեննայում ՀՀ պատվո հյուպատոս Շիվկումար Իշվարանի հովանավորությամբ հաջողվել է փրկել հուշաքարը՝ տեղադրելով այն պատվանդանի վրա։ Այդպիսով ապահովվել է ոչ միայն հուշարձանի հետագա պահպանությունը, այլև այն դարձել է առավել տեսանելի անցորդների համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր