3210 դիտում
23:40 05-04-2019
Էրեբունի թանգարանը տեխնոլոգիապես հագեցած նոր մասնաշենք կունենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կունենա նոր մասնաշենք՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով: Ջոն և Սոսի Բալյանների հիմնադրամը՝ IDeA հիմնադրամի, «Էրեբունի» թանգարանի և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում վենչուրային ծրագիր կիրականացնի Հայաստանում: Օրերս կողմերի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր:
«Երևանի քաղաքապետարանն այսօր հետևողական քայլեր է ձեռնարկում մշակութային կառույցների նորացման ու նորովի ներկայացման ուղղությամբ: Այդ ճանապարհին, բնականաբար, քաղաքային բյուջեն բավարար չէ, և բոլոր գործիքակազմերն օգտագործում ենք, որպեսզի ներդրողներ գտնենք, ովքեր հետաքրքրված են Հայաստանով, հայկական մշակույթով և պատրաստակամ են ներդրում անել հայկական մշակույթի զարգացման գործում: Պարոն Բալյանն արձագանքեց, սա նաև իր կնոջ երազանքն է եղել, որպեսզի Հայաստանում մշակութային կյանքում ներդրում ունենան»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Տպավորված լինելով UWC Դիլիջանի և «ՏաԹևեր» ճոպանուղու ծրագրերով՝ բարերարները 2018թ. սկզբին դիմեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամին՝ համագործակցության տարբերակներ քննարկելու նպատակով: Մի քանի ձևաչափեր և տարբերակներ դիտարկելուց հետո կողմերը որոշեցին միանգամից երկու ծրագրեր իրականացնել. դրանցից մեկը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ամբողջովին վերանորոգելու, արդիականացնելու և էականորեն ընդլայնելու ծրագիրն է:
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ցուցասրահներում այցելուները Երևանի պատմության տարբեր շրջանների վիրտուալ ականատեսը կդառնան: Ջոն Դիքրան Բալյանը Երևան է ժամանել ճարտարապետների և շինարարների մեծ խմբի հետ: Համագործակցելով Երևանի գլխավոր ճարտարապետի հետ՝ կառաջարկվի հնի ու նորի համադրմամբ ինքնատիպ մի նախագիծ:
«Ես և տիկինս՝ Սոսին, շատ էինք ցանկանում մեր ներդրումն ունենալ Երևանում, հատկապես՝ մշակույթի ոլորտում: IDeA հիմնադրամի հետ երկար քննարկումների ու աշխատանքի արդյունքում ձևավորվեց «Էրեբունի» թանգարանի ընդլայնման գաղափարը: Մեր ցանկությունն է, որ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթն աշխարհին ներկայացվեն արժանի ձևով։ Համադրելով պատմությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ թանգարանն էլ ավելի գրավիչ կդառնա երիտասարդների, օտարերկրացիների, զբոսաշրջիկների շրջանում։ Վստահ ենք, որ այս ծրագրի իրականացումը մի քանի անգամ կավելացնի թանգարանի այցելուների թիվը, այդպիսով ապահովելով այս կարևոր կառույցի կայուն աշխատանքն ու զարգացումը»,- ասել է բարերարը:
«Իմ երազանքն է՝ մի քանի տարուց տեսնել արդիականացված «Էրեբունի» արգելոց-թանգարանը, ինչը, վստահ եմ, երկրորդ կյանք կտա և նոր շունչ կհաղորդի այս կարևոր հաստատությանը։ Վստահ եմ՝ այս մեծ ներդրումը կօգնի մեզ ավելի շատ այցելուներ գրավել Երևան և մասնավորապես՝ «Էրեբունի» թանգարան: Մենք ակնկալում ենք, որ նախագիծը և դիզայնը արդեն պատրաստ կլինեն մինչև ամառ», ընդգծում է «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
«Սա նոր մոտեցում է, որովհետև Հայաստանը չունի թանգարան, որն ունենա առանձին մասնաշենք, որտեղ վիրտուալ թանգարանի տարրեր կան, և հիմա մենք Էրեբունիում կստեղծենք այդ թանգարանն ու հնարավորություն կտանք թանգարանին երկրորդ կյանք ունենալ: Վստահ եմ, որ այս մեծ ներդրումը հնարավորություն կտա մեծաթիվ այցելուներ ապահովել Երևան և մասնավորապես՝ Էրեբունի թանգարան: Արդեն հունիսից նախագծանախահաշվային աշխատանքները կսկսվեն և մեկ-երկու տարվա ընթացքում կկարողանանք Էրեբունիի երկրորդ մասնաշենքն ունենալ Երևանում, որը վստահ եմ, նոր շունչ կհաղորդի թանգարանին»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ քաղաքային իշխանություններն իրենց լիազորությունների շրջանակում պատրաստ են աջակցել նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչմանը, իսկ ներդրողը կարող է վստահ լինել, որ ներդրած գումարն ամբողջապես ծառայելու է իր նպատակին:
[b]Ջոն և Սոսի Բալյանների մասին[/b]
Սոսի Բալյանի ընտանիքը ծագումով Ադանայից է: Նրա նախապապը խոշոր ձեռնարկատեր էր, հողատարածքների սեփականատեր: Նրան էին պատկանում այն տարածքները, որտեղ ներկայում տեղակայված է ԱՄՆ-ի Ինջիրլիքի (Ադանա) ռազմակայանը: Ցեղասպանության ժամանակ նրա ընտանիքի մեծ մասը դաժան սպանդի ենթարկվեց Թուրքիայի կառավարության հրամանով: Մազապուրծ եղած ընտանիքի անդամներն ի վերջո հաստատվեցին Եգիպտոսում: 1968թ. հայրենադարձվեցին Խորհրդային Հայաստան: 1986թ. Սոսի Բալյանն ընտանիքով արտագաղթեց Միացյալ Նահանգներ, որտեղ դատի տվեց Թուրքայի կառավարության և պահանջեց վերադարձնել Ադանայում ընտանիքից խլած հողատարածքները:
Ջոն Դիքրան Բալյանը բժիշկ է և գործադիր տնօրեն, Երևանում հիմնել է երկու ընկերություն, որտեղ ներկայում մեծ թվով փորձագետներ են աշխատում: Արմատներով Դիարբեքիրից է (Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտը): Վաղ մանկության տարիներին նա ծանր փորձությունների միջով է անցել, որպես փախստական՝ թափառել է մի շարք մերձարևելյան և եվրոպական երկրներում: Ի վերջո հանգրվանել է ԱՄՆ-ում: Իր առաջին՝ «Գորշ գայլեր և սպիտակ աղավնիներ» վեպի հիմքում հենց իր կյանքի պատմությունն է: 2011թ. ապրիլին նա թողարկեց այս՝ ԱՄՆ-ում կատարված իրական դեպքերի հիման վրա գրված թրիլերը և 2012թ. դեկտեմբերին «Westland-TATA Publishing»-ը հրատարակեց այն Հնդկաստանում: Գիրքը թարգմանված է հայերեն և չինարեն, երկու թարգմանված տարբերակներն էլ են հրատարակման փուլում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2566 դիտում
22:02 08-10-2019
«Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք. պայմանագիրը կնքված է
4115 դիտում
21:43 16-12-2019
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կունենա նոր մասնաշենք
9179 դիտում
12:53 25-04-2014
ՀՀ վարչապետը կառավարության 3-րդ մասնաշենք «բերման էր ենթարկել» հին ու նոր նախարարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»