211652_close_icon
views-count1065 դիտում article-date 10:29 11-04-2019

Նիկոլ Փաշինյանի խնդիրը Ստրասբուրգում պիտի լինի այն, թե ինչպիսի գործընկեր է ՀՀ-ն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսպիով, Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում և պատասխանելու է ԵԽԽՎ պատգամավորների հարցերին։ Դժվար չէ կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը հիմնականում նվիրված է լինելու Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այնպես, ինչպես նա դա անում է իր վերջին գրեթե բոլոր արտերկրյա այցերի ընթացքում։ Դա մի կողմից՝ բնական է, մյուս կողմից՝ բնական լինելով հանդերձ, որոշակիորեն խնդրահարույց։ Բանն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելնում է այն մեկնակետից, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը համաշխարհային նշանակության իրադարձություն էր, և դրա համար աշխարհը պետք է խոնարհվի Հայաստանի առաջ, աջակցի Հայաստանին, Հայաստանը հեղեղի ներդրումներով։ Այս մոտեցումն էր ընկած Նիկոլ Փաշինյանի վերջերս արած այն հայտարարության հիմքում, թե ԱՄՆ-ն, լինելով աշխարհում ժողովրդավարության ջատագով, որևէ վերաբերմունք չի ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությանը։ Նիկոլ Փաշինյանը այս բանաձևով է փորձում կառուցել Հայաստանի հարաբերությունները աշխարհի գրեթե բոլոր երկրների ու միջազգային կառույցների հետ։ Մոտավորապես նույնաբովանդակ հայտարարությամբ նա հանդես եկավ անցած տարվա ամռանը Բրյուսել կատարած այցի ընթացքում՝ հանդիմանանքով խոսելով Եվրամիության հասցեին։ Արդյո՞ք նույնը պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը նաև Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստում։ Եթե այո, ապա դա խորացնելու է եվրոպացի մեր գործընկերների շրջանում Հայաստանի նկատմամբ առկա տարակուսանքը։ Բանն այն է, որ աշխարհը, հատկապես ժողովրդավարական երկրները, բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, այդուհանդերձ համարում է, որ հայ հասարակությունը դա արել է առաջին հերթին իր համար, և աշխարհը պարտավոր չէ վարձահատույց լինել դրա համար։ Ընդհանրապես, թավշյա հեղափոխությունից հետո մենք աշխարհին ներկայանալու որոշակի խնդիր ունենք։ Թավշյա հեղափոխությունը որպես հարաբերությունների մեկնակետ դիտարկելու մոտեցումը միայն խանգարում է դրան։ Մեր խնդիրը պետք է լինի աշխարհին ցույց տալ, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով ձևավորվել է այնպիսի իշխանություն, որն աշխարհի համար կարող է լինել հուսալի և կայուն գործընկեր։ Միայն այդ դեպքում աշխարհը, միջազգային կառույցները կաջակցեն Հայաստանին, այդ թվում՝ նաև ֆինանսապես։ Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանի խնդիրը, Ստրասբուրգում նրա ելույթի առանցքը պետք է լինի ոչ թե այն, թե ինչ է պարտավոր Եվրոպան տալ Հայաստանին, այլ այն, թե ինչպիսի գործընկեր է Հայաստանը, և ինչ է պատրաստ ու կարող Հայաստանը տալ եվրոպական ընտանիքին։ Միայն այդ մոտեցումը կարող է փոխըմբռնում առաջացնել Եվրոպայում, որը ժողովրդավարական Հայաստանին կընկալի որպես մի երկիր, որը ոչ միայն աջակցություն է ակնկալում, այլև պատրաստ է իր մասնակցությունն ու ներդրումն ունենալ համաեվրոպական կյանքին, համաեվրոպական խնդիրների լուծմանն ու անվտանգության ապահովմանը։ Նաև այդ հարցերի պատասխանն ու դրանցով պայմանավորված ուղերձները պետք է հղի Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր