1207 դիտում
10:47 16-04-2019
Հարկատուներիս փողերը պետք է հատկացնել խնամքով, անիմաստ չվատնել, բայց մյուս կողմից՝ չափսոսալ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կառավարության կառուցվածքի հստակեցման գործընթացը կարծես թե թևակոխում է եզրափակիչ փուլ: Դրա հետ շաղկապված է մեկ այլ խնդիր, որն, իմ կարծիքով, ավելի կարևոր է, քան բուն կառուցվածքը՝ պետական համակարգի արդյունավետությունը և կադրերի մասնագիտական որակը: Այստեղ անհրաժեշտ են համարձակ, ոչ պոպուլիստական քայլեր:
Ենթադրենք, այսինչ լավ մասնագետն աշխատում է մասնավոր ընկերությունում և ստանում է 1 միլիոն դրամ աշխատավարձ: Նրան հրավիրում են պետական բարձր պաշտոնի, որտեղ աշխատավարձը 400 հազար դրամ է: Ենթադրենք նաև, որ «Նոր Հայաստանում» նման առաջարկ արվում է միայն պարկեշտ մարդկանց, որոնք սովոր են հույսը դնել բացառապես իրենց աշխատավարձի վրա: Ո՞րը պետք է լինի այդ մասնագետի մոտիվացիան՝ հայրենիքին ծառայելու ձգտո՞ւմը: Շատ լավ կլիներ, բայց նախ՝ դրանով կարելի է առաջնորդվել սահմանափակ ժամանակահատված՝ ասենք 2-3 տարի: Երկրորդ՝ զուտ զգացմունքների վրա հույս դնելը պետական քաղաքականության տեսանկյունից սխալ է:
Բայց մասնագետներին միայն նյութապես շահագրգռելով անգամ հնարավոր չէ բերել պետական ոլորտ: Պատկերացնենք, որ Ազգային Ժողովը, ի հեճուկս պոպուլիստների բացականչությունների, բարձրացնում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը ու դարձնում դրանք մասնավոր հատվածում աշխատավարձերի հետ համադրելի: Մասնագետը ստանում է, պայմանականորեն ասած, 1 միլիոն դրամ և պատրաստ է դիմակայել աջից-ձախից հնչող քննադատություններին, որոնք ժողովրդավարական հասարակության անբաժանելի մասն են: Բայց արդյոք նա պատրա՞ստ է դիմանալ, երբ վերադասը վիրավորում է նրա արժանապատվությունը, երբ, առավոտյան, ինչպես ասում են ռուսները, «սխալ ոտից վերկենալով», «շեֆն» իր չպատճառաբանված զայրույթը թափում է մասնագետի վրա, կամ պարզապես փորձում է ինքնահաստատվել՝ ստորադասին նվաստացնելով: Սա այն պայմաններում, երբ մասնավոր հատվածում սեփականատերը, հակառակը՝ ջանքեր է գործադրում մասնագետին իր մոտ պահելու համար: Կարծում եմ՝ եթե չստեղծվեն բարենպաստ հոգեբանական պայմաններ, մասնագետները, միևնույն է, պետական համակարգ չեն գնա: Բացի դրանից, նրանց պետք է «գայթակղել» նաև զանազան սոցիալական արտոնություններով՝ թոշակներով, բուժսպասարկմամբ, հանգստյան տների անվճար ուղեգրերով և այլն: Այո, նաև պարգևատրումներով, որոնք, սակայն, պետք է լինեն թափանցիկ, հիմնավորված, անվիճելի:
«Ծրարներով» պետական ծառայողներին հավելյալ աշխատավարձ տալը սխալ էր, Վրաստանի օրինակով «Սորոսի հիմնադրամից» կամ դրա անվան տակ Իվանիշվիլիի փողերով այդ ծառայողներին վարձատրելը նույնպես ինձ կասկածելի է թվում: Պետական պաշտոնյաների համար միակ «ճիշտ» աղբյուրը պետական բյուջեն է, հարկատուներիս փողերը: Դրանք, անշուշտ, պետք է հատկացնել խնամքով, անիմաստ չվատնել, բայց մյուս կողմից՝ չափսոսալ, եթե խոսքն արժեքավոր մասնագետների մասին է: Այդ մարդիկ էլ են «խնամք» պահանջում: Ոչ միայն նյութական»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2888 դիտում
10:57 06-06-2017
Օդի անիմաստ տատանումներին պետք է վերջ տալ․ «Առավոտ»
3017 դիտում
10:52 23-11-2019
Կառավարությունը չի կարողանում ծախսել իր փողերը, բայց մի բան էլ վարկ է վերցնում․ «168 ժամ»
Այս բաժնից
1045 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»