211652_close_icon
views-count1839 դիտում article-date 16:58 17-04-2019

Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց խորագրով համաժողով՝ Իտալիայի Պատգամավորների պալատում

Ապրիլի 16-ին Իտալիայի Պատգամավորների պալատի «Սալվադորի» սրահում տեղի ունեցավ «Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց» խորագրով համաժողովը՝ կազմակերպված Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների կողմից։ Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին ապրիլի 10-ին Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար։ Դեսպանը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ու ճանաչման գործընթացը շարունակական է, ինչը պետք է լուրջ ազդակ լինի առ այն, որ այդ հարցում ժխտողական կեցվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում 21-րդ դարի արժեհամակարգային իրողություններում: Նա ավելացրեց, որ այս քայլով իտալական կողմը վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով ստանձնած իր հանձնառությունները և պարտավորությունները ու հավատարմությունը համամարդկային արժեքներին։ Ելույթներով հանդես եկան Իտալիայի քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթներում ընդգծեցին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման կարևորությունը Իտալիայի հասարակական-քաղաքական շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և ապագայում նմանատիպ հանցագործությունների կանխարգելման գործում։

Նմանատիպ նյութեր