Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը խլեց շուրջ երեք տասնյակ մարդու կյանք:
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանքիներին ու հարազատներին՝ մաղթելով ոգու տոկունություն և համբերություն այս ծանր վիշտը հաղթահարելու համար: Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլոր վիրավորներին»: