211652_close_icon
views-count3611 դիտում article-date 12:08 25-04-2019

Կամերային նվագախումբը Ռուբեն Ալթունյանի 80-ամյակի առթիվ հանդես է եկել ինքնատիպ համերգով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80-ամյակին նվիրված գեղեցիկ համերգ իրականացրեց: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, կատարեց Ալթունյանի «Սիմֆոնիետ» կամերային նվագախմբի համար, «Թափուր անդաստան» դուդուկի, զուռնայի և կամերային նվագախմբի համար, «Քոչարի» և «Բերդ պար», «Ես սիրեցի» (պրեմիերա) ստեղծագործությունները: Կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը, ով ներկա էր նվագախմբի փորձերին, բաց չթողեց նաև համերգային երեկոն: Դահլիճում նրան դիմավորեցին հոտնկայս ծափերով, երեկոյի ընթացքում էլ ընկերներն ու գործընկերները կիսվեցին մաեստրոյի մասին իրենց հուշերով ու մաղթանքներ հղեցին կոմպոզիտորին: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը փաստում է՝ առաջին անգամ շփվել է Ալթունյանի հետ 14-15 տարեկանում, երբ հանդես էր գալիս իր կողմից ստեղծված մանկական նվագախմբում: Այդ օրվանից տարիներ են անցել, և մաեստրոյի հետ սերտ ու ջերմ կապը, ի ուրախություն Մարտիրոսյանի, պահպանվել է: «Ռուբեն Ալթունյանին ճանաչում են ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հնչում են ոչ միայն Հայաստանում, այլ երկրի սահմաններից դուրս: Օրինակ, Հայաստանի պետական կամերային նվագախումբը նրա գործերը կատարել է Ֆրանսիայում, Շվեյցարիայում: Նա այն կոմպոզիտորն է, որը կարողացավ ամենամոտը լինել ժողովրդական երգին, պարին, և դասականացնելով այդ ամենը՝ ստեղծել նոր ժանր»,-նշում է Վահան Մարտիրոսյանը: Ռուբեն Ալթունյանին նվիրված մեծարանքի երեկոն անցավ ջերմ մթնոլորտում: Կամերային նվագախումբն ըստ արժանվույն մեծարեց կոմպոզիտորին՝ հնչեցնելով իր գեղեցիկ ստեղծագործությունները: Հավելենք, որ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը ծնվել է 1939թ., Երևանում: 1965թ. արժանացել է Անդրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին, իսկ 1969թ.՝ ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթ 2-րդ մրցանակին: 1987-90 թթ. եղել է Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թթ.` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես եկել տարբեր երկրներում: Հեղինակել է բազում ինքնատիպ ստեղծագործություններ: 1970 թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր