211652_close_icon
views-count2822 դիտում article-date 12:50 29-11-2019

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ունկնդրին ներկայացել է ինքնատիպ աշնանային համերգով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացավ ինքնատիպ աշնանային համերգով: Նոյեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվեց «Աշնանային սերենադներ» համերգը, որի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, դիրիժոր Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ ներկայացրեց Մոցարտի, Հայդնի, Շուբերտի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների սերենադներն ու այլ գործեր: Դիրիժոր Հմայակ Դուրգարյանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիրներից է: Ասում է՝ միշտ ուրախությամբ է հանդես գալիս նվագախմբի հետ և միշտ ցանկանում է ինչ-որ լավ բան անել նվագախմբի հետ: «Ամեն տարի համերգով գալիս եմ Հայաստան, համերգների շրջանակում ներկայացնում նաև երիտասարդ տաղանդներին: Ցանկացա, որ այս անգամ էլ երեկոյին երիտասարդներ մասնակցեն: Այս համերգին հրավիրեցի թավջութակահար Արտյոմ Իոանիսյանին և սոպրանո Մարգարիտա Սարգսյանին»,-նշում է Հմայակ Դուրգարյանը: Նրա խոսքով՝ համերգի համար ընտրվել էր շատ գեղեցիկ ծրագիր, որը, վստահաբար, անտարբեր չի թողնի ունկնդրին: Դիրիժորը մշտապես սիրով է համագործակցում այն նվագախմբի հետ, որի ստեղծման ակունքներում է կանգնած եղել: Վերհիշում է՝ իր այցերից մեկի ժամանակ էլ նվագախումբը տոնել է իր 75-րդ հոբելյանը, և այդ համերգի հետ կապված շատ ջերմ հիշողություններ ունի: Նշենք, որ դիրիժոր Հմայակ Դուրգարյանը ծնվել է 1942թ., Լենինականում (այժմ՝ Գյումրի): Նախնական երաժշտական կրթությունն ստացել է տեղի Ն. Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի ջութակի դասարանում և տեղի երաժշտական ուսումնարանում: 1967թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1962-69թթ. եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատար, 1982-84թթ.՝ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի մենակատար, 1972-82թթ.՝ ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար: 1990թ. տեղափոխվել է Իսպանիա: Նույն թվականից Իսպանիայի Աստուրիա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն էր: Մասնակցել է «Սանկտ Պետերբուրգի ծննդյան հանդիպումներ» (1993թ.), Ֆրանսիայի (1994-95թթ), Իսպանիայի (2003թ.) միջազգային երաժշտական փառատոններին: Վարպետության դասեր է վարել Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում և այլուր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր